Վերանորոգում մեր ձեռքերով. սվաղում ենք պատերը
Պատերի սվաղում ուղղորդող ձողերով
Ոչ մի բնակարանի պատեր կատարյալ ուղիղ չեն։ Վերանորոգում սկսելիս նախ պետք է ուղղել անհարթությունները, որպեսզի Ձեր ջանքերը զուր չանցնեն։ Սկսնակի համար դժվար է ինքնուրույն լուծել այս խնդիրները։ Այսօր կներկայացնենք՝ ինչպես կարելի է ինքնուրույն սվաղել պատերը։
Վերանորոգում. պատերը հարթեցնելու տարբերակները
Պատերը սվաղում են մի քանի ձևերով.
Հարթությամբ, ուղղիչով (առանց ուղղորդող ձողերի)։ Այս տարբերակը հարմար է, եթե պատերը բավականաչափ ուղիղ են, առանց կտրուկ թեքությունների և կորությունների։
Ուղղղորդող ձողերով պատերի հարթեցում։ Իսկ այս տարբերակը հարմար է, երբ պատերը զգալի անհարթություններով են։
Պետք է հիշել, որ աշխատանքների որակը դասակարգվում է 3 չափորոշիչով՝ հասարակ, բարելավված և բարձրորակ:
Հասարակ սվաղման դեպքում թույլատրելի ուղղահայաց շեղումները պետք է լինեն 1 մ-ի մեջ 3 մմ-ից ոչ ավելի, իսկ տարածքի ամբողջ բարձրության հաշվարկով՝ 15 մմ-ից ոչ ավելի: Այսպիսով, 2,5 մ բարձրությամբ առաստաղի պարագայում պատի առավելագույն շեղումը կարող է լինել 7,5 մմ: Սահուն անհարթություններ կարող են լինել յուրաքանչյուր 4 մ2 մեջ 3 հատից ոչ ավելի, որոնց բարձրությունը կամ խորությունը պետք է չգերազանցի 5 մմ-ը: Հորիզոնական հարթությունում յուրաքանչյուր 1 մ-ի մեջ թույլատրելի առավելագույն շեղումը կազմում է 3 մմ:
Բարելավված սվաղի չափորոշիչներն ավելի խիստ են: Ուղղահայաց շեղումները պետք է լինեն 1 մ-ի մեջ 2 մմ-ից ոչ ավելի, իսկ տարածքի ամբողջ բարձրության հաշվարկով՝ 10 մմ-ից ոչ ավելի: Թույլատրելի սահուն անհարթությունները կարող են լինել յուրաքանչյուր 4 մ2 մեջ 2 հատից ոչ ավելի և 3 մմ-ից ոչ մեծ խորությամբ, իսկ դրանց բարձրությունը կամ խորությունը պետք է չգերազանցի 5 մմ-ը: Հորիզոնական հարթությունում յուրաքանչյուր 1 մ-ի մեջ թույլատրելի առավելագույն շեղումը կազմում է 2 մմ:
Ամենախիստ պահանջները ներկայացվում են բարձրորակ սվաղի պարագայում: Ուղղահայաց շեղումները պետք է լինեն 1 մ-ի մեջ 1 մմ-ից պակաս, իսկ սենյակի ամբողջ բարձրության հաշվարկով՝ 5 մմ-ից ոչ ավելի: Սահուն անհարթություններ կարող են լինել յուրաքանչյուր 4 մ2 մեջ 2 հատից ոչ ավելի և 2 մմ-ից ոչ մեծ խորությամբ, որոնց բարձրությունը կամ խորությունը պետք է չգերազանցի 5 մմ-ը: Հորիզոնական հարթությունում յուրաքանչյուր 1 մ-ի մեջ թույլատրելի առավելագույն շեղումը պետք է լինի 1 մմ-ից ոչ ավելի:
Պատերի հարթեցումը ուղղորդող ձողերով
Հենց այս մեթոդով են վերացվում պատերի զգալի անհարթությունները: Ուղղորդող պրոֆիլները հնարավորություն են տալիս ստանալ կատարյալ հարթ մակերես 1 մմ/մ2 առավելագույն շեղումով:
Վերանորոգում. սվաղի խառնուրդի ընտրությունը
Գիպսային և ցեմենտային հիմքով սվաղներն այժմ ամենատարածված տեսակներն են, որոնք ունեն մի քանի առավելություններ: Տալիս են մինչև 5 սմ հասությամբ շերտով սվաղելու հնարավորություն՝ առանց ճաքերի առաջացման, ի տարբերություն ցեմենտային խառնուրդների՝ գիպսայինները նստվածք չեն տալիս, բարձր կպչողականության և ցածր քաշի շնորհիվ հնարավորություն են տալիս հարթեցնել առաստաղները և բետոնե մակերեսները սվաղելու հնարավորություն են տալիս:
Ուղղորդող պրոֆիլներ
Սվաղի ուղղորդիչները մետաղական նեղ պրոֆիլներ են, որոնց ուռուցիկ մասը ծառայում է որպես սահմանափակիչ: Դրանց վրայով ուղղիչով անցնելով՝ մենք հավաքում ենք խառնուրդի ավելորդ մասերը: Պրոֆիլների ստանդարտ երկարությունը 3 մ է, խորությունը՝ 6 կամ 10 մմ:
Անհրաժեշտ գործիքներն ու նյութերը
- Սվաղ,
- 6 մմ-անոց ուղղորդող պրոֆիլներ,
- Հորատիչ ծակող և խառնող գլխադիրներով,
- Անհրաժեշտ չափերի խցաբութակներ (дюбель),
- Խոշոր ատամներով փայտի պտուտակներ, ցանկալի է՝ ոչ կարճ,
- Խաչաբերան պտուտակահան,
- 2 մ երկարությամբ պղպջակային հարթաչափ,
- Ուղղորդող պրոֆիլները կտրելու համար թիթեղի մկրատ կամ անկյունահղկող մեքենա,
- Մուրճ,
- Ուղղալար,
- 2 մ երկարությաբ ալյումինե ուղղիչ: Ուղղորդող պրոֆիլները տեղադրելու համար ցանկալի է օգտագործել 2,5 մետրանոց,
- Լայն մածկաթիակ (15 սմանոց),
- Պողպատե հարթիչ,
- Դույլ,
- Բետոնկոնտակտ բետոնե և հարթ պատերը մշակելու համար,
- Լայն վրձին կամ գլանիկ բետոնկոնտակտը քսելու համար,
- Մետր,
- Պաշտպանիչ ձեռնոց:
Սվաղելու գործընթացը
Եթե բոլոր նյութերն ու գործիքներն արդեն ձեռքի տակ են, կարող եք սկսել: Շատ կարևոր է նախապատրաստական փուլը, քանի որ ուղղորդող պրոֆիլների տեղադրումն ամենաբարդն է: Դա կարելի է անել տարբեր մեթոդներով, մենք կնկարագրենք դրանցից մեկը, որն ավելի հեշտ է կատարել լազերային հարթաչափ ունենալու դեպքում:
Պատերի գծանշում, նախաներկում և ուղղորդող ձողերի տեղադրում
Առաջին հերթին պետք է ուշադիր ուսումնասիրել պատերի մակերույթը: Հարթաչափը դնում ենք պատին և ստուգում, թե որքան է շեղումը ուղղահայաց հարթության մեջ: Այնուհետև, ուղղիչը տարբեր անկյուններով պատին հպելով, հայտնաբերում ենք բոլոր ուռուցիկ և գոգավոր հատվածները ու նշում մարկերով:
Հետո պետք է գծանշել ուղղորդող պրոֆիլների տեղը: Ենթադրենք, 2.75 մ բարձրությամբ և 4,5 մետր երկարությամբ պատ ունենք, որի վրա նաև դուռ կա 90*205 սմ չափով: Ավելի պատկերավոր լինելու համար օրինակը ներկայացված է լուսանկարում:
Առաջին հերթին պետք է տեղադրել երկու կողմերի եզրային ուղղորդիչները: Դրա համար պետք է անկյունից 30 սմ հեռավորության վրա ուղղահայաց գիծ գծել:
2 մետրանոց ուղղիչով արդյունավետ աշխատելու համար ուղղորդող պրոֆիլների միջև հեռավորությունը մոտավորապես 160 սմ պետք է լինի: Ավելի հարմար կլինի գծել նախ աջ գիծը , քանի որ դուռն այդ կողմի վրա է: Առաջին գծից 1,6 մ հեռավորությա վրա գծում ենք երկրորդը:
Մինչև հաջորդ գիծը մնում է 2,3 մ, դրա համար այդ հեռավորությունը բաժանոմ ենք երկու հավասար մասի և ևս մեկ գիծ քաշում 115 սմ հեռավորությամբ:
Հետո նորից վերադառնում ենք եզրային գծերին:
Ուղղորդող ձողերը պետք է ուղղիչից կարճ լինեն: Քանի որ մենք գնել ենք առանձին 2,5 մետրանոց ուղղիչ, ուղղորդող ձողերի չափը վերցնում ենք 2,45 մ:
Նշված գծերի վրա հատակից 15 սմ բարձրությամբ անցքեր ենք անում: Խցաբութակները (дюбель) պտուտակների հետ ամրացնում ենք դրանց մեջ: Սենյակի երկու անկյունների միջև հորիզոնական դիրքով լար ենք անցկացնում:
Խցաբութակներից բարձրանում ենք 245 սմ և կրկնում ենք նույն գործողությունը: Պետք է ստացվեն երկու զուգահեռ գծեր: Լարերի և գծանշումների հատման կետերում մարկերով պետք է նշումներ անել: Այդ կետերում անցքեր ենք անում և առանց պտուտակների ամրացնում խցաբութակները:
Արդյունքում պետք է ստացվեն նույն գծի վրա դասավորված անցքեր: Անկյունային պտուտակները կարելի է հանել, բայց խցաբութակները դեռ պետք կգան:
Սվաղելուց առաջ պատերը պետք է պարտադիր պատել բետոնկոնտակտով: Դա արվում է սվաղի կպչողականությունը բարձրացնելու և խոնավության ներծծման աստիճանը պակասեցնելու համար: Հատկապես առատորեն դա պետք է անել այնպիսի մակերեսների դեպքոմ, ինչպիսիք են աղյուսը կամ գազաբետոնը:
Հարթ մակերեսների դեպքում պետք է օգտագործել բետոնկոնտկատ, իսկ խիստ ներծծող և ծակոտկեն մակերեսների վրա՝ խորը ներթափանցող հիմք:
Երբ պատերը չորանան, կարելի է շարունակել գծանշումը: Ձգում ենք եզրային 4 և վերին 2 պտուտակները: Ենթադրենք՝ եթե ձեր պատը վերևից 1,5 սմ թեքություն ունի, ապա պտուտակի գլխիկի և պատի միջև հեռավորությունը կկազմի մոտավորապես 2,5 սմ:
Ձգելուց հետո ուղղիչի սուր եզրը դնում ենք պտուտակների գլխիկներին և ստուգում՝ արդյոք կարիք կա ներքևի պտուտակի բարձրությունը կարգավորելու: Պետք է այնպես անել, որ ստացվի հստակ ուղղահայաց գիծ:
Նույն գործողությունը արվում է նաև անկյունային պտուտակների երկրորդ զույգի հետ: Սա պատերի սվաղման ամենաբարդ փուլն է, դրա համար պետք է շատ ուշադիր լինել: Կարելի է նաև վերին պտուտակից ուղղալարը կախել կամ օգտագործել լազերային հարթաչափ:
Այժմ պետք է համոզվեք, որ տեղադրումից հետո ուղղորդող պրոֆիլները դուրս չեն գա իրենց տեղից: Դրա համար անկյունագծով լար ենք անցկացնում պտուտակների գլխիկների միջև: Լարի տակ ուղղորդող պրոֆիլի մի կտոր ենք դնում և ստուգում՝ արդյոք այն ազատորեն տեղաշարժվոմ է լարի տակ: Այնուհետև ձգում ենք երկրորդ անկյունագիծը: Եթե ամեն ինչ նորմալ է, մնացած պտուտակները անկյունային սկզբունքով հավասարեցնում ենք:
Վերին պտուտակնեի գլխիկների միջև լար ենք անցկացնում: Պրոֆիլը դրա տակով ազատորեն պետք է տեղաշարժվի: Լարի միջոցով պետք է կարգավորել կենտրոնական պտուտակները. դրանց գլխիկները պետք է թեթևակի հպվեն լարին:
Նույն գործողությունը պետք է կրկնել նաև ներքևի շարքի հետ: Պետք է ստանանք նույն հարթության մեջ տեղակայված 8 պտուտակներ:
Ուղղորդող պրոֆիլների ամրացումը
Պրոֆիլները կտրում ենք խցաբութակների միջև հեռավորությունից մի փոքր ավելի կարճ: Մեր դեպքում օպտիմալ կլինի 2,4 մ-ը:
Պրոֆիլների ամրացման համար պատրաստում ենք մի փոքր սվաղ: Դրա համար դույլի մեջ մի փոքր ջուր պետք է լցնել և ավելացնել փոշին: Պետք է լավ խառնել մածկաթիակով կամ, ավելի լավ կլինի, խառնիչ գլխադիրով:
Խառնուրդի կազմությունը պետք է նման լինի կաթնաշոռի, բայց մի փոքր ավելի թանձր: Պատրաստի սվաղը պետք է մածկաթիակից վայր չընկնի:
Սվաղը քսեք գծի երկայնքով այնպես, որ այն պտուտակների գլխիկներից դուրս ցցված լինի: Ուղղորդիչ պրոֆիլները ուղղիչի օգնությամբ սեղմում ենք խառնուրդի վրա այնպես, որ այն դուրս ցցվի պտուտակների գլխիկներից: Դա հեշտ է անել երկուսով. մեկը վերևից, մյուսը՝ ներքևից:
Տեղադրված պրոֆիլի ուղիղ լինելը ստուգեք երկար ուղղիչի և հարթաչափի օգնությամբ՝ անհրաժեշտության դեպքում կարգավորեք դրա դիրքը: Դրանից հետո պտուտակները կարելի է դուրս քաշել պատից: Մի մոռացեք ուղղիչը մաքրել նախքան սվաղի չորանալը և անցեք հաջորդ պրոֆիլը տեղադրելուն:
Սվաղելու ընթացքը
Երբ ուղղորդիչ պրոֆիլներն արդեն հուսալի ամրացած են, կարելի է անցնել սվաղման գործընթացին:
Դույլի մեջ 1/3-ի չափով ջուր ենք լցնում և ավելացնում սվաղը՝ միաժամանակ խառնիչով խառնելով: Որքան հաստ շերտով եք պատրաստվում քսել սվաղը, այնքան խառնուրդը պետք է թանձր լինի: Ցանկացած դեպքում կարդացեք փաթեթի վրա նշված հրահանգները:
Եթե պատերը շատ ուժեղ են ներծծում խոնավությունը, ապա պարտադիր դրանք պետք է նախապես լավ թրջել: Պետք է թրջել միայն այն հատվածը, որը պատրաստվում եք սվաղել: Դա անելու ամենահարմար տարբերակը հեղուկացիրն է: Եթե այս գործողությունը չանենք`սվաղը շատ արագ կջրազրկվի և կճաքի:
Պրոֆեսիոնալները խառնուրդը պատի վրա մածկաթիակով նետում են: Դուք կարող եք փորձել դա պատին քսել մետաղական հարթիչով և միանգամից հարթեցնել, եթե այդպես ձեզ ավելի հարմար է:
Հարթեցումը պետք է արվի ներքևից վերև: Սվաղի շերտը պետք է խիտ լինի, առանց բաց թողած հատվածների և դուրս գա ուղղորդիչ պրոֆիլներից: Այնուհետև վերցրեք 2 մ-անոց ուղղիչը և սուր կողմով պրոֆիլներին ուղղահայաց սկսեք քաշել: Եթե ուղղիչն անկյան տակ պահեք, ավելորդ սվաղը կմաքրեք: Ուղղիչով հարթեցումը սկսվում է պրոֆիլների ներքևի սահմանից: Զիգզագաձև շարժումներով այն դանդաղ բարձրացրեք վերև, իսկ ավելորդ մասերը հավաքեք մածկաթիակով:
Առաջացած պղպջակներն ու անհարթությունները անհրաժեշտ է վերացնել: Այդ հատվածներում սվաղը մածկաթիակով պետք է վերցնել և նորից նետել, այնուհետ ուղղիչով ևս մեկ անգամ անցնել այդ հատվածով: Այս ամենից հետո ուղղիչով ևս մեկ անգամ պետք է առանց զիգզագաձև շարժումների անցնել ամբողջ բարձրությամբ՝ ավելորդ սվաղը դարձյալ նետելով ազատ հատվածներ: Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև խառնուրդի ավելցուկ չմնա: Շատ կարևոր է ևս մեկ անգամ էլ անցնել վերից վար, որի արդյունքում ավելորդ սվաղն ամբողջոթյամբ կմաքրվի: Այնուհետև պատրաստեք սվաղի նոր չափաբաժին և գործողությունները կրկնեք՝ մինչև ուղղորդիչ պրոֆիլների վերին սահմանին հասնելը:
Մի շերտը ավարտելուց հետո անցեք մյուսին: Երբ բոլոր գծերը սվաղված լինեն, արդ ժամանակ կմնան միայն առաստաղին և հատակին մոտ հատվածները, որոնց հերթը կհասնի այն ժամանակ, երբ մնացածը չորացած լինի:
Եզրերում մնացած դատարկ հատվածները պետք է լցնել սվաղով և հարթեցնել առանց պրոֆիլների, օգտագործելով նոր սվաղի հարթությունը: Ուղղիչը պահեք ուղղահայաց կամ որոշակի թեքությամբ: Այժմ պետք է ստուգել ձեր աշխատանքի արդյունքները. դրա համար ուղղիչը դրեք պատին տարբեր անկյունների տակ: Եթե 1 մմ-ից ավելի ուռուցիկ հատվածներ են մնացել, դրանք պետք է քերել հարթիչի սուր կողմով: Թարմ սվաղը բավականին հեշտ է քերվում: Եթե ճաքեր եք հայտնաբերել՝ այն ջրիկ խառնուրդով պատեք և ուղղիչով հարթեցրեք:
Այժմ կարևոր է մետաղական պրոֆիլները հանել պատից, քանի որ դրանք հետագայում ժանգոտում են: Դրա համար կարելի է օգտագործել պտուտակահանի ծայրը: Մնացած ակոսները լցրեք սվաղով և հարթեցրեք: Որպեսզի խառնուրդը լավ լցվի ակոսի մեջ, այն քսեք X-անման շարժումներով:
Եթե պատերը 5 սմ-ը գերազանցող թեքություններ ունեն, անհրաժեշտ է սվաղը քսել 2 շերտով: Առաջին շերտը քսվում է առանց հարթեցնելու. նախքան չորանալը դրա վրա մածկաթիակով խոշոր անհարթություններ արեք: Մի քանի օրից կարելի է քսել երկրորդ շերտը՝ նախապես պատերը հիմնապատելով:
Սվաղի հարթեցումը
Վերջին փուլը սվաղի հարթեցումն է: Որպեսզի այն ավելի հեշտ լինի, ապա պետք է անել նախքան սվաղի չորանալը: Դրա համար փոքր չափաբաժիններով և ջրիկ կազմությամբ սվաղ պատրաստեք: Թրջեք պատի ոչ մեծ՝ 1մ2 անոց հատված: Սվաղի խառնուրդը քսեք հարթիչի վրա և տրորեք պատին բարակ շերտով: Անուհետև այդ քառակուսին ուղղեք հարթիչը 45 աստիճան անկյան տակ ուժեղ սեղմելով:
Շարունակեք քառակուսին հարթեցնել այնքան, քանի դեռ սվաղը չի դադարել կուտակվել հարթիչի վրա: Մակերեսը պետք է հարթ և ողորկ լինի: Աշխատեք այս փուլն իրականացնել առանց ընդմիջումների:
Ճակատային մասերի սվաղում
Արտաքին պատերի սվաղումը ուղղորդող պրոֆիլներով իրականացվում է գրեթե նույն կերպ, ինչ շենքի ներսում: Կարևորն այստեղ ջերմաստիճանային ռեժիմի պահպանումն է: Աշխատանքների ընթացքում ջերմաստիճանը պետք է զրոյից բարձ լինի:
Արտաքին պատերը սովորաբար սվաղում են ցեմնտավազային խառնուրդով:Ավելի մեծ ամրության համար կարելի է սվաղել մետաղական ցանցի վրայից: Մետաղական ցանցն անհրաժեշտություն է, եթե տունը կառուցված է սիլիկատային աղյուսից:
Մենք ձեզ հետ մանրամասնորեն քննարկեցինք՝ ինչպես պետք է պատերը սվաղել ուղղորդող պրոֆիլների օգնությամբ: Այժմ դուք հեշտությամբ ինքներդ կարող եք իրականացնել այդ աշխատանքները: Եթե ձեզ մոտ առաջին անգամից հեշտությամբ չստացվի, մի հիասթափվեք, ամեն ինչ փորձի հետ կկարգավորվի և դուք կսովորեք կատարյալ հարթ պատեր ստանալ: