Պատրաստում ենք գեղեցիկ զամբյուղ
Բոլորի կյանքում էլ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում ձեռքի տակ եղած մանրուքներն ինչ-որ տեղ պահելու հարմար տարա գտնել: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է յուրօրինակ զամբյուղ պատրաստել, որը շատ հարմար կլինի տարբեր մանրուքներ պահելու համար: Այն կարելի է ներկել ցանկացած գույնով և համապատասխանեցնել ինտերիերին 🙂
Զամբյուղ պատրաստելու համար ահրաժեշտ է՝
- հաստ պարան (կարելի է գնել տնտեսական ապրանքների ցանկացած խանութից),
- թերմոատրճանակ ու վերջինիս համար նախատեսված սոսինձ,
- մկրատ,
- ներկ,
- դեկորատիվ ժապավեն:
Ձևավորում ենք ստորին հատվածը
Տաք սոսինձը քսում ենք պարանի ծայրերին ու պարանն ինքն իր շուրջը փաթաթում ենք հնարավորինս ամուր: Հետո շարունակում ենք պարանին սոսինձ քսել՝ պարանը հորիզոնական մակերևույթով հավասար փաթաթելով ևս երեք-չորս անգամ: Այսպիսով ստանում ենք զամբյուղի հատակը:
Սոսնձում ենք կողային հատվածը
Հատակը ձևավորելուց հետո կարելի է անցնել կողային մասերը սոսնձելուն: Ամեն մի շրջանը փաթաթելիս պարանը դեպի վեր ենք բարձրացնում: Շարունակում ենք սոսնձելով փաթաթել ու բարձրացնել այնքան, մինչև զամբյուղը դառնա անհրաժեշտ մեծության: Արանքներից դուրս եկած սոսնձի ավելցուկը կարելի է մաքրել չորանալուց հետո:
Վերջացնում ենք սոսնձելը
Պարանի վերին ծայրը ծալում ենք ու սոսնձում զամբյուղի ներսի մասին: Թողնում ենք, որ սոսինձը լավ չորանա:
Ներկում ենք
Այժմ զամբյուղը ներկելու հերթն է: Երկգույն զամբյուղ ունենալու համար ժապավենով փաթաթում ենք այն հատվածը, որն ուզում ենք չներկած թողնել: Հետո առնվազն երկու շերտով ներկում ենք անհրաժեշտ հատվածը և թողնում չորանա: Կարելի է օգտագործել աէրոզոլային ներկ:
Արդյունքում ստանում ենք շատ գեղեցիկ զամբյուղ: Մնում է միայն պոկել ժապավենն ու զամբյուղը լցնել անհրաժեշտ մանրուքներով 🙂