Պատրաստում ենք գունավոր մոմեր
Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելու համար հաստատ անհրաժեշտ կլինեն գունավոր մոմեր: Այս հոդվածում սովորում ենք սրտաձև գունավոր մոմեր պատրաստել:
Նյութեր ու գործիքներ
- մոմ,
- թխվածքաբլիթի սրտաձև կաղապարներ,
- գունավոր մոմային կավիճներ,
- պատրույգներ ֆիքսատորով,
- պոլիէթիլենային տոպրակ,
- պաղպաղակի փայտիկներ կամ փայտե ամրակներ:
Ֆիքսատորներով պատրույգներ կարելի է գնել մասնագիտացված խանութներից կամ հանել սովորական կլոր մոմերից:
Սկսում ենք պատրաստել գունավոր մոմեր
Նախապատրաստեք պատրույգները, որոնց երկարությունը պետք է կաղապարի բարձրության կրկնակի չափով լինի: Պատրույգը դրեք ֆիքսատորի մեջ, ֆիքսատորը տափակաշուրթով (плоскогубцы) սեղմեք:
Կաղապարը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ, կաղապարի կենտրոնում դրեք ֆիքսատորով պատրույգը:
Պատրույգը փայտիկների արանքում սեղմելով ֆիքսեք, դա թույլ չի տա, որ մոմը կաղապարի մեջ լցնելիս այն լողա:
Մոմը հալեցրեք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում, մեջը լցրեք գունավոր մոմային կավիճների կտորները:
Կաղապարը ձեռքով բռնեք ու տոպրակին սեղմելով, մոմը լցրեք մեջը: Համոզվեք, որ պատրույգը չի տեղաշարժվել:
Թողեք մոմը սառչի: Հիմա կարելի է պոկել տոպրակն ու հանել մետաղյա կաղապարը:
Ռոմանտիկ գունավոր մոմը պատրաստ է:
Խորհուրդ. եթե ուզում եք մթնոլորտն ավելի ռոմանտիկ դարձնել, մոմի մեջ կարելի է եթերայուղեր կամ հոտավետ նյութեր լցնել 🙂