Պատրաստում ենք հայելի
Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է օրիգինալ ու նրբագեղ զարդարել ձվաձև հայելին: Այն զարդարելու ենք թղթե ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայով, որոնց մի մասը հայելու մեջ պետք է արտացոլվի: Ծաղիկները կլինեն հայելու շրջանակի գույնի, ինչի շնորհիվ կստեղծվի ներդաշնակություն և ծաղիկները կդառնան շրջանակի շարունակությունը 🙂
Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
- շրջանակով հայելի,
- սև թուղթ,
- ՊՎԱ սոսինձ,
- մետաղալար,
- մկրատ,
- տափակածուրթ և կծաքցան (плоскогубцы և кусачки),
- կարիչ (степлер),
- աէրոզոլային ներկ,
- սև ներկ ու ներկարարական վրձին,
Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ հայելի
Հայելին շրջանակի միջից հանում ենք, շրջանակը` ներկում: Ցանկության դեպքում կարելի է վրայից լաք քսել: Թողնում ենք ներկը չորանա և հայելին դնում ենք շրջանակի մեջ:
Պատրաստում ենք տերևները
Սև թուղթը երկտակ ծալում ենք և երկու միանման տերև կտրում: Դրանցից մեկի վրա սոսինձ ենք քսում, մեջտեղում երկայնքով մետաղալար դնում, իսկ վրայից սոսնձում մյուս տերևը: Ստացվում է մեջտեղը մետաղալարով երկտակ տերև: Տերևի վրա կտրվածքներ ենք անում և ցցված ծայրերը թեթևակի ոլորում:
Պատրաստում ենք ծաղիկները
Ցողունը պատրաստելու համար ավելի հաստ մետաղալար ենք օգտագործում, իսկ մանր ծաղիկների ոտիկները պատրաստելու համար կարելի է ավելի բարակ մետաղալար վերցնել:
Սև թղթի շերտից կտրում ենք անհրաժեշտ չափսի ծաղկաթերթ, ներքևի անկյունում սոսինձ քսում և փաթաթում մետաղալարի շուրջը: Շարունակում ենք նույն կերպ ու ձևավորում ամբողջ ծաղիկը: Եթե ուզում ենք, որ ծաղիկն ավելի փարթամ լինի, ապա ծաղկաթերթերի եզրերը կարող ենք մի փոքր ոլորել:
Պատրաստում ենք ցողուններն ու ոտիկները
Սև թղթից կտրում ենք մոտավորապես 1 սմ լայնությամբ երկար շերտ, վրան սոսինձ ենք քսում և պտուտակաձև փաթաթում մետաղալարի վրա: Ծաղկաբույլ ստեղծելու համար ծաղիկների ոտիկները սոսնձում ենք թղթե ժապավենի տակ:
Ծաղիկներից ու տերևներից կոմպոզիցիա ենք հավաքում: Եթե հայելու շրջանակը լաքապատել ենք, ապա նույնը պետք է անենք նաև կոմպոզիցիայի հետ: Այսպիսով, փունջը կմիահյուսվի շրջանակին, իսկ ծաղիկներն էլ կպաշտպանվեն արևի ճառագայթներից:
Կոմպոզիցիան ամրացնում ենք շրջանակին: Դրա համար ուղղակի մետաղալարե ցողունները ծալում ենք հայելու հետևում և ամրացնում կարիչով:
Ահա և վերջ 🙂