Պատշգամբի դիզայն հմուտ դիզայներների մշակած տարբերակներով
Գարնան գալուն պես ուզում ենք ավելի շատ լինել բնության գրկում: Ու եթե ամեն օր քաղաքից դուրս գալն անհնար է, ապա կարելի է հաճելի երեկո անցկացնել սեփական պատշգամբում:
Այս հոդվածում կներկայացնենք մի քանի գաղափար, որոնց օգնությամբ կարելի է նույնիսկ շատ փոքր պատշգամբը հին իրերի պահեստից վերածել գեղեցիկ ու հարմարավետ հանգստի գոտու:
Թե՛ ապակեպատ ու թե՛ բաց պատշգամբը տարվա տաք եղանակին կարող է լիարժեք ու կանոնավոր օգտագործվել: Պատշգամբի դիզայն պլանավորելիս պետք է ուշադրություն դարձնել տարածքի հիմնական գործառույթին, ոճին ու գունային գամմային: Ամենից հաճախ պատշգամբում դնում են սեղանիկ և աթոռներ, նաև մեծ քանակությամբ բույսեր, որոնք հրաշալի համադրվում են պրովանս, քանթրի և էկո միտումներով ձևավորված ինտերիերին: Արևելյան ոճն ու սկանդինավյան մինիմալիզմը նույնպես հարմար են պատշգամբի դիզայնի համար:
Պատշգամբի դիզայն. խորհուրդ են տալիս մասնագետները
Կազմակերպում ենք ընթերցանության և մեկուսացման անկյուն
Նույնիսկ փոքր պատշգամբում կարելի է բազկաթոռ կամ հարմարավետ թիկնաթոռ տեղադրել, որի վրա հնարավոր է մի քանի փափուկ բարձ ու ծածկոց դնել: Այսպիսի անկյունում, կանաչով շրջապատված, հաճելի կլինի սրճելը կամ ընթերցելը: Պատշգամբը կվերածվի հանգստի ու առանձնանալու հաճելի վայրի:

Օգտագործեք բնական նյութեր
Պատշգամբը կարելի է բնությանն ավելի մոտ դարձնել բնական նյութերի օգնությամբ: Բաց պատշգամբի պատը կարելի է զարդարել չորացրած սեզով, որն աճում է ամենուր, և այն կարելի է ձեռք բերել առանց միջոցներ ծախսելու:

Խորհուրդ. Խցանը, բամբուկը, եղեգը, ջուտե պաստառներն ու այս բնույթի բնական նյութերը շատ հարմար են նաև ապակեպատ պատշգամբը էկո ոճով ձևավորելու համար:
Օգտագործեք ծալովի կահույք
Հաճախ պատշգամբում երեկոները նստում ու հանգստանում են, սակայն փոքր պատշգամբում հնարավոր չէ շատ կահույք տեղավորել: Այս դեպքում օգնության են գալիս ծալովի աթոռներն ու սեղանները:

Աճեցրեք նաև մշակաբույսեր
Պատուհանագոգերին, բազրիքներին կամ պատերին կարելի է աճեցնել ոչ միայն ծաղիկներ ու կակտուսներ, այլև բազմազան մշակովի ու օգտակար բույսեր՝ հազար, մաղադանոս, սամիթ կամ չիլի պղպեղ: Դրանք սենյակային բույսերից ոչ պակաս գեղեցիկ տեսք կունենան ու տնական բերք կտան:

Պատշգամբը վերածեք հանգստի գոտու
Պատշգամբի դիզայն ընտրելիս կարող եք օգտվել արևելյան ոճից ու հենց հատակին փափուկ բարձեր դնելով՝ պատշգամբը վերածել հանգստի գոտու: Բարձերի վրա ավելի շատ մարդ կտեղավորվի, իսկ միջավայրը կլինի մտերմիկ ու դուր կգա հատկապես թեյի ու նարգիլեի սիրահարներին:
Օգտագործեք վառ գործվածքներ
Փոքրիկ պատշգամբի դիզայնը կարելի է փոխել առանց վերանորոգման ու կողմնակի ծախսերի՝ օգտագործելով մի քանի պայծառ շտրիխներ: Ամենահարմարը գունավոր տեքստիլն է: Կարելի է, օրինակ, հատակին գունավոր կտոր փռել, իսկ աթոռներին դնել խայտաբղետ բարձեր ու ծածկոցներ: Այսպիսի վառ դետալներն ամառային տրամադրություն կհաղորդեն տարվա բոլոր եղանակներին:
Ձեռք բերեք շարժական բիոբուխարի
Բիոբուխարիները ծուխ չեն արձակում, ուստի լրացուցիչ հարմարանքներ չունեն և կոմպակտ են: Դրանք կարելի է տեղափոխել ու երեկոները դնել պատշգամբում՝ ստեղծելով ռոմանտիկ մթնոլորտ: Պետք է հոգալ միայն, որ կրակի վրա ոչինչ չընկնի:


Առավելագույնս օգտագործեք բազրիքները
Բաց պատշգամբներն ունեն իրենց առավելությունները. բազրիքներից կարելի է կախել դարակներ ու սեղանիկներ, որոնք դուր կգան հատկապես փոքր պատշգամբում շատ իրեր տեղավորել ցանկացողներին:


Պատին հայելի ամրացրեք
Ինտերիերի տարրերը միշտ ուշադրություն են գրավում ու հետաքրքիր են նայվում տան պատերից դուրս: Պատշգամբի պատին գեղեցիկ հայելի ամրացրեք, և այն յուրահատուկ հարմարավետություն կհաղորդի միջավայրին:
Գարունը լի է թարմությամբ և նպաստում է նոր գաղափարների հայտնվելուն: Մի՛ ամաչեք ցուցադրել Ձեր երևակայության պտուղները, առավել ևս, երբ խոսքը պատշգամբի վերադասավորման մասին է 🙂