Փայտի տեսակներն ինտերիերում
Փայտն, անշուշտ, ինտերիերի ամենաօգտագործվող նյութերից է: Փայտից և՛ կահույք են պատրաստում և՛ երեսպատման նյութեր, և՛ կառուցվածքային տարրեր: Ամեն մի փայտատեսակ եզակի է իր երանգով, պատկերով, կոշտությամբ, հոտով ու այլ որակներով:
Սոճի
Կաղնու փափուկ փայտը բաց, ջերմ գույն ունի՝ դեղին երանգով: Բույրն արտահայտիչ է ու հեշտ ճանաչելի: Ավելին՝ այն ֆիտոցիդներ է արտադրում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու շնչառական համակարգի վրա: Նաև անսովոր ու յուրահատուկ նախշ ունի, որը պահպանելու համար այն հաճախ միայն պաշտպանիչ լաքով են մշակում, բայց չեն ներկում:
Առավելություններն են՝ գնի մատչելիությունը, փշատերևի բույրը, հետաքրքիր նախշապատկերը:
Թերությունը փափուկ լինելն է, ինչի պատճառով հեշտ է մեխանիկական վնասվածքների ենթարկվում:
Սոճուց պատրաստում են կահույք, սանդուղք և դռներ:
Ընկուզենի
Որպես կանոն՝ այս ծառը մուգ դարչնագույն երանգ ունի, բայց մանրաթելիկների պատկերում կարող են այլ փայտանյութի երանգներ ևս առկա լինել: Հեշտ է մշակման ենթարկվում ու գրավիչ տեսք ունի:
Առավելություններն են՝ մշակման հեշտությունը, ձևախախտումների նկատմամբ դիմացկունությունը, երկարակեցությունը, յուրահատուկ գունավորումը:
Թերությունը փայտի բարձր գինն է:
Պատրաստում են բարձրակարգ կահույք, հարդարանքի տարրեր, դռներ, մանրահատակ:
Հացենի
Հացենու ու կաղնու փայտի միջև հաճախ են զուգահեռներ անցկացնում: Նրանք նման բեժադեղնավուն երանգ ունեն (միայն թե հացենու նախշն ավելի մշուշոտ է), գրեթե միանման բնութագրեր (հացենին ավելի ճկուն է), գրեթե նույնանման ամրություն և այլն:
Առավելություններն են՝ մաշվածքակայունությունը, ամրությունը, կարծրությունը, ճկունությունը, կաղնուն նմանությունը (գումարած՝ կաղնուց էժան է):
Թերություններ չեն նկատվել:
Հացենուց պատրաստում են սենյակի կառուցվածքային տարրեր (դռան բացվածքներ, առաստաղի հեծաններ), պատերի երեսպատման նյութեր, հատակի ծածկոցներ և կահույք (առավել հաճախ՝ մահճակալներ):
Հաճարենի
Եվս մի փայտատեսակ, որը հաճախ են համեմատում կաղնու հետ: Այն նույնքան հուսալի, ամուր ու երկարակյաց է: Դեղնադարչնագույն երանգ ունի՝ մանր կարմրադարչնագույն թելանախշերով:
Առավելությունները՝ հեշտ է կտրվում, հղկվում ու մշակվում, ճկուն է, մանրաթելիկներն ամուր են, մաշվածակայուն է, կաղնուց մատչելի:
Թերությունները՝ բարձր ջրանցանելիությունը. հեշտ է ենթարկվում ջրի ազդեցությանը, ինչի պատճառով չորացման գործընթացը դժվարանում է:
Հաճարենուց պատրաստում են հատակի ծածկույթներ, տան կահույք, սենյակի կառուցվածքային տարրեր, դռան կտավներ և այլն:
Կաղնի
Այս ծառատեսակը բոլորին է հայտնի: Այն աչքի է ընկնում իր մաշվածակայունությամբ: Բացի այդ՝ ժամանակի հետ կաղնուց պատրաստված իրերն է՛լ ավելի գեղեցիկ են դառնում: Փայտի գույնը, կախված ենթատեսակից, կարող է լինել գորշադարչնագույնից մինչև դեղնավուն:
Առավելություններն են՝ ազնվաշուք տեսքը, գեղեցիկ հնեցումը, մեխանիկական վնասվածքների նկատմամբ կայունությունը, ամրությունը:
Թերությունները. հնարավոր չէ արագացնել չորացման գործընթացը (այլապես ճաքեր կառաջանան), կաղնուց պատրաստված իրը մեխ կամ պտուտագամ խրելու դեպքում կարող է ճաք տալ, եթե նախապես հատուկ տեխնոլոգիայով անցք չբացվի: Թերություններից է նաև բարձր գինը:
Կաղնու փայտն օգտագործում են շինարարության, լյուքս կահույքի արտադրության, հատակի ու պատերի երեսպատման նյութերի, ինչպես նաև հարդարանքի նյութերի արտադրության մեջ: