Օգտակար խորհուրդներ փոքր լոգասենյակ ունեցողներին
Գաղտնիք չէ, որ իրերը պահելու լավ կազմակերպված համակարգը թույլ է տալիս ստեղծել հարմարավետ ու ֆունկցիոնալ ինտերիեր և կարգուկանոն պահպանել: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր գաղափարներ, որոնք կօգնեն Ձեզ փոքր լոգասենյակում իրերը հարմարավետ ու գեղեցիկ դասավորել:

Լոգասենյակի վերանորոգման ու պլանավորման մասին մտածելիս հիշեք, որ սանտեխնիկայից բացի, անհրաժեշտ է լինելու տեղ գտնել զանազան կոսմետիկ միջոցների, սրբիչների, խալաթների, հագուստի ու կենցաղային քիմիայի համար: Շատերը լոգասենյակում պահում են նույնիսկ որոշ դեղորայք, ջրային խաղերի համար մանկական խաղալիքներ, մաքրող միջոցներ և այլն:
Նույնիսկ զուսպ կենսակերպի կողմնակիցները կամ շատ փոքր լոգասենյակ ունեցողները պետք է նախատեսեն իրերը տեղավորելու նվազագույն տարբերակներ, եթե չեն ուզում հետո օճառը դնել որտեղ պատահի:
Իսկ ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում դիզայներները փոքր լոգասենյակ ունեցողների համար

Դարակ կոսմետիկայի համար
Նույնիսկ շատ համեստ չափսեր ունեցող լոգասենյակի համար կարելի է ընտրել կախովի դարակ, որի վրա կտեղավորվեն ոչ միայն լվացարանակոնքն ու սրբիչների ռեյլերը, այլև որոշ իրեր:


Մի՛ մոռացեք նաև այլ կախովի դարակների մասին, որոնց համար տեղ կարելի է գտնել լվացարանակոնքի կամ ցնցուղի կողքի անկյունում, առավել ևս, որ այժմ վաճառքում կան հետաքրքիր մոդելներ: Օգտագործե՛ք ուղղահայաց տարածությունը, որը երբեմն միակ ելքն է փոքր լոգասենյակում:

Հիշեցում: Հիշե՛ք, որ ցանկացած կախովի շինվածք ավելի թեթև է նայվում:

Բացի նշվածից, միշտ կարելի է օգտագործել ելուստներն ու որմնախորշերը՝ սխալ պլանավորված տարածքը վերածելով իրեր պահելու հավելյալ անկյունի:
Լոգարանի կողքի տարածությունը
Հայտնի է, որ մասնագետները խորհուրդ են տալիս փոքր լոգարաններում տեղադրել լոգախցիկներ և ոչ թե վաննաներ: Սակայն վաննայի կողքին եղած տարածությունը նույնպես կարելի է օգտագործել, իսկ իրերի մի մասը՝ տեղավորել հենց վաննայի քաշովի կամ բացովի դարակներում:


Սրբիչների տեղը փոքր լոգասենյակում
Խալաթների ու սրբիչների համար ռեյլեր ու կեռիկներ կարելի է ամրացնել ոչ միայն պատին, այլև դրանք թաքցնել դռան հետևում: Այդտեղ կարելի է կախել նաև տեքստիլ զամբյուղներ, որոնք նախատեսված են տարբեր մանր իրեր ու խաղալիքներ պահելու համար: Ի դեպ, այդպիսի զամբյուղ կարելի է կարել նաև ինքնուրույն:

Արժե նաև ի սկզբանե սրբիչների համար կախիչներ ու բռնակներ ունեցող լոգարանային կահույք և սանտեխնիկա ընտրել:

Կեղտոտ շորերի տեղը
Դիզայներները խորհուրդ են տալիս լոգասենյակում բացվող մետաղյա ցանց-զամբյուղով նեղ պահարան տեղադրել կամ էլ պարզապես օգտագործել պարկ կամ ցանցազամբյուղ, որոնք կարելի է դնել գետնին:

Խորհուրդ: Օգտագործեք դեկորատիվ տուփերն ու զամբյուղները՝ ոչ միայն շորերի, այլև՝ լոգարանային իրերը բաց դարակներին կոկիկ դասավորելու համար: Այդպիսով ամեն ինչ իր տեղում կլինի և աչք կշոյի:


Արտասովոր դիզայներական ձեռքբերումներ փոքր լոգասենյակի համար
Միշտ չէ, որ յուրահատուկ ինտերիերի համար մեծ մակերես է հարկավոր: Երբեմն մեկ կամ երկու ֆունկցիոնալ աքսեսուարը կարող է դառնալ ինտերիերի հետաքրքրությունը կամ զգալի տեղ խնայել փոքր լոգասենյակում: Այդպիսի շատ աքսեսուարներ կարելի է նաև ինքնուրույն պատրաստել:
Սրբիչն ու լոգարանային պիտույքների մի մասը կարելի է տեղավորել նաև ճկած մետաղից ստացված շարժական շինվածքների վրա, որոնք կարելի է ուղղակի դնել հատակին: Իսկ սրբիչների կախիչի փոխարեն կարելի է առաստաղից օղակ կախել:

Այսպիսով համոզվեցինք, որ նույնիսկ համեստ միջոցներով ու փոքր լոգասենյակ ունենալու դեպքում կարելի է ստեղծել կարգուկանոն: Կարևորը բոլոր դետալներին ուշադրություն դարձնելն ու կարևոր ֆունկցիաները նախատեսելն է:
