Ինտերիերը «Փորձնակ» ֆիլմում
Interier.am-ը ներկայացնում է նոր շարք «Ինտերիերը ֆիլմերում» խորագրով։ Այստեղ ֆիլմասերները կկարողանան իրենց ֆիլմերը դիտարկել այլ տեսանկյունից։
Դե ինչ, մեկնարկը սկսում ենք շատերի համար սիրելի ֆիլմով։
«Փորձնակ» ֆիլմն էկրան է բարձրացել 2015 թվականին։ Ֆիլմի հիմքում ընկած է յոթանասունամյա Բենի պատմությունը, ով հայտնվում է հագուստի ինտերնետ-խանութում և դառնում երիտասարդ ղեկավար Ջուլս Օսթինի օգնականը։ Բենին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու անցնել աշխատանքի։ Նրա և Ջուլսի համատեղ աշխատանքը դառնում է նոր բացահայտումների ու էմոցիաների սկիզբ։
Ռեժիսոր Նենսի Մեյերսին հաջողվել է ներդաշնակություն ստեղծել անգամ ինտերիերի միջոցով՝ հերոսների կենսակերպը համապատասխանեցնելով նրանց բնակարանների ինտերիերն։
Առաջարկում ենք ծանոթանալ ֆիլմի երկու գլխավոր հերոսների՝ Ջուլսի ու Բենի բնակարանների մի քանի առանձնահատկություններին։
Ջուլսը նրբաճաշակ կին է, և բնակարանը, որտեղ ապրում է երեխայի ու ամուսնու հետ, աչքի է ընկնում իր ոճայնությամբ ու որոշ դեպքերում նաև մինիմալիստական լուծումներով։ Բնակարանին կենդանություն են հաղորդում բոլոր սենյակներում փոքրիկ ծաղկամաններում դրված վարդերը, լուսանկարները, պաստառները, նկարները։
Հյուրասենյակը, նախասրահն ու լոգասենյակը կարելի է համարել նույնիսկ դասական, իսկ խոհանոցի բաց դարակներով կահույքը մեզ հիշեցնում է սկանդինավյան ոճը։
Նորաոճ են նաև դեղին բազմոցը, ջահը, որոնք գեղեցիկ լինելուց բացի, նաև շատ ոճային են։
Բնակարանի կենդանության վառ ապացույցը խոհանոցի պատին ամրացրած նկարներն են՝ Ջուլսի դստեր ձեռքի աշխատանքները։
Ննջասենյակն աչքի է ընկնում մինիմալիստական լուծումներով։ Այստեղ ուշադրության են արժանի մահճակալի գլխավերևում ամրացված նկարները։ Ի դեպ, եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Ջուլսի բնակարանը լի է պատերին ամրացված յուրօրինակ նկարներով, լուսանկարներով, մատիտանկարներով։
Այժմ անցնեք Բենի բնակարանին։ Առաջին հայացքից մռայլ թվացող, սակայն չափազանց կոկիկ ու հարմարավետ բնակարան, որը համապատասխանում է հերոսի հոգեվիճակին։ Դրսում աշխույժ ու կայտառ, սակայն հոգեպես միայնակ մարդուն բնորոշ է մուգ գունային լուծումներով ինտերիերը։
Բենի բնակարանը հարդարված է դասական ոճով։ Ֆիմում կա մի հատված, երբ հյուրը նկատում է, թե որքան խնամքով են բարձերը դասավորված մահճակալի վրա։
Բենը պերֆեկցիոնիստ է, ինչպես աշխատանքում, այնպես էլ կենցաղում։ Դա հստակ երևում է ինչպես իրերի դասավորվածությունից ու բնակարանի մաքրությունից, այնպես էլ հագուստից ու կատարյալ զգեստապահարանից։
Ֆիլմերը հաջողության են հասնում ոչ միայն կերպարների, սցենարի ու դերասանական հիանալի խաղի, այլև մանրամասն ընտրված դետալների շնորհիվ, ինչի վառ ապացույցն այս ֆիլմն է։