«Սարդոստայն» ապակեկտավ ճաքերը կանխելու համար. օգտագործման հրահանգներ

apakektav-chaqere-pakelu-hamar-1

Կարող եք շատ ջանքեր ու գումար ծախսել Ձեր բնակարանի նորոգման աշխատանքների վրա, բայց եթե տեխնոլոգիան չի պահպանվել, արդյունքը շատ արագ կարող է հիասթափեցնել: Հատկապես խնդիր է նորակառույց շենքերում վերանորոգում իրականցնելը, քանի որ դրանք ժամանակի ընթացքում նստվածք են տալիս և առաջին տարիներին ճաքերի առաջացումն անխուսափելի է: Այս հոդվածում կպատմենք ապակեկտավի, դրա օգտագործման, բնութագրիչների, գնի և, ամենակարևորը, սեփական ձեռքերով դրա սոսնձման տեխնոլոգիայի մասին:

Տեխնիկական բնութագրիչները

Սկսնակները ներկարարական «սարդոստայն» ապակեկտավը կարող են շփոթել ապակեպաստառների հետ, բայց դրանք իրականում տարբեր բաներ են, թեև արտաքինից շատ նման են:

Սարդոստայնը նույնպես բաղկացած է ապակեթելերից, բայց ապակեկտավն ի տարբերություն պաստառի արտադրվում է մամլման, այլ ոչ թե գործող հաստոցի միջոցով: Ապակեկտավի թերթերը բարակ են և կիսաթափանցիկ, մակերեսը հարթ է, բայց կազմվածքի պատճառով ձեռք տալիս ծակծկում է:

Այս նյութը ունի նույն հատկություններն, ինչ ապակեպաստառները:

  • Կայուն է կրակի, ջրի, քիմիական և մեխանիկական ազդեցությունների նկատմամբ:
  • Ալերգիա չի առաջացնում:
  • Էկոլոգիապես մաքուր է:
  • Ստատիկ էլեկտրականություն չի կուտակում:
  • Ունի օդի թափանցելիություն, այնպես որ` պատերը շնչում են:

Այս ամենով հանդերձ ապակեկտավը խոցելի տեղեր էլ ունի: Եթե ճաքն առաջացել է կցակարին զուգահեռ կամ դրա մոտ, ապա այն հաստատ «դուրս կսողա»: Հաճախ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ապակեկտավը սոսնձում էն գիպսաստվարաթղթի վրա: Դրա համար պետք է խուսափել կտավը գիպսաստվարաթղթե սալերի կցակարերի երկայնքով սոսնձելուց և ցանկալի է մի քանի սանտիմետր միջակայք թողնել:

Ներկարարական ապակեկտավը վաճառվում է  20 և 50 մետր երկարությամբ, 1 մետր լայնությամբ գլանափաթեթներով: Վերջինիս գինը կախված է նյութի խտությունից (20-65 գ/մ2): Ամենահարմար տարբերակը  45-55 գ/մ2 խտությամբ ապակեկտավն է:

Շինանյութի օգտագործման բնագավառները

apakektav-chaqere-pakelu-hamar-3

«Սարդոստայն» ապակեկտավն օգտագործում են պատերի վերջնական հարդարումից առաջ որպես ամրացնող նյութ, իսկ որպես  ավարտական ծածկույթանյութ կիրառելի չէ: Ապակեկտավն օգտագործում են գիպսաստվարաթղթե կառուցվածքների, պատերի, առաստաղների համար:

Սոսնձի ընտրությունը

Ապակեկտավի համար պետք է օգտագործել հատուկ սոսինձ, որը կիրառում են նաև ապակեպաստառների սոսնձման նպատակով: Այն երբեմն վաճառվում է գլանափաթեթի հետ: Անպայման հետևեք փաթեթի վրա նշված համամասնությանը. սոսինձը պետք է ջրիկ չլինի: Սոսինձը գնելիս հաշվի առեք, որ դրա ծախսը շատ ավելի մեծ է, քան սովորական պաստառների դեպքում: Ինչպես ցանկացած պաստառ, այնպես էլ ապակեկտավը չորանալիս «վախենում է»  միջանցիկ քամուց: Այդ պատճառով աշխատանքների ժամանակ ոչ մի դեպքում պատուհանները մի բացեք: Ցանկալի է այն պաշտպանել նաև արևի ուղիղ ճառագայթներից:  Այս կանոնները գործում են նաև հատակի ծածկույթներից շատերի դեպքում:

Նախապատրաստական աշխատանքները

Պատերը պետք է նախապատրաստված լինեն այնպես, ինչպես պաստառների դեպքում է, թեև մանր ճաքերը կարելի է չփակել: Եթե ճաքն այնքան մեծ է, որ մածկաթիակի ծայրը մտնում է դրա արանքը, ապա այն նախապես պետք է մշակել ամուր ծեփամածիկով, այնուհետ հղկել մակերեսը: Մակերեսը պետք է հարթ լինի, ծեփամածիկով պատված և մշակված լինի համապատասխան հիմնանյութով:

Սոսնձման աշխատանքները

Պատին կամ առաստաղին փակցնելու համար ապակեկտավը պետք է առատորեն սոսնձապատել: Սկզբում բավական կլինի մեկ թերթի լայնության սոսնձապատումը: Այն գրեթե ամբողջությամբ ներծծվում է, դրա համար ավելորդ մասերը դուրս մղելու խնդիր չի առաջանա:

  • Կտավը կարելի է կտրել ցանկացած երկարությամբ, ինչպես Ձեզ հարմար կլինի: Պատերի համար կարելի է կտրել ամբողջ բարձրությամբ, իսկ առաստաղի համար` 2 մետրից ոչ ավելի:

Սոսնձելիս ուշադրություն դարձրեք կտավի երեսային կողմին, որը սովորաբար գլանափաթեթում փաթաթված է լինում դեպի ներս: Արտաքինից երկու կողմն էլ գրեթե նույն տեսքն ունի, դրա համար այդ տեղեկությունը պետք է ճշտել պիտակի վրայից:

  • Վերցրեք կտավի առաջին կտորը և ձեռքով աստիճանաբար հարդարեք այնպես, որ եզրը համընկնի սենյակի անկյան հետ: Այնուհետ ամբողջ մակերեսը պետք է հարդարել պաստառների համար նախատեսված պլաստիկե մածկաթիակով , որպեսզի ավելորդ սոսինձն ու օդի պղպջակները դուրս մղվեն: Այդ գործողությունը պետք է անել կենտրոնից սկսած դեպի եզրերը <<եղևնի>> շարժումներով:
  • Երբ առաջին թերթը ամուր փակցված է, կտրեք ավելորդ մասերը և ամբողջ մակերեսը ևս մեկ անգամ սոսնձով պատեք: Այնուհետ մածկաթիակով ևս մեկ անգամ անցեք ամբողջ մակերևույթով, որպեսզի սոսինձը լավ ներծծվի: Թերթը պետք է խոնավությունից մգանա:
  • Կտրում ենք հաջորդ թերթը: Այն պետք է սոսնձել եզրը եզրի վրա, իսկ առաստաղի վրա այն ցանկալի է փակցնել սենյակի երկայնքով:
  • Սոսնձով մակերեսը մշակում ենք, մի փոքր դուրս գալով նախորդ շերտի եզրին: Նույն ձևով սոսնձում ենք: Որպեսզի հավասար և անտեսանելի կցակար ստացվի, ապակեպաստառի երկու շերտերի վրա սուր դանակով կտրվածք ենք անում և կարը լրացուցիչ սոսնձապատում ենք: Նույն հնարքը կիրառում ենք հարևան թերթերի վրա: Սարսափելի ոչինչ չի պատահի, եթե  կցակարն անհավասար ստացվի, կարևորը դրա հարթ լինելն է, որպեսզի վերջնական հարդարումից հետո նկատելի չլինի:

Ուշադրություն: Աշխատելիս պահպանեք անվտանգության կանոնները. oգտագործեք ձեռնոցներ, ռեսպիրատոր, գլխաշոր և երկար թևքերով հագուստ: Ապակեթելի սուր մասնիկները կարող են գրգռել շնչառական ուղիներն ու մաշկը:

  • Մեկ օր անց սոսինձը կչորանա, և կարելի է անցնել հարդարման հետագա աշխատանքներին: Ապակեկտավը ներկելու կամ պաստառապատելու համար այն պետք է ծեփամածիկով պատել առնվազն 2 շերտով:

Ի՞նչ անել ճաքի առաջացման դեպքում

Եթե ամեն դեպքում ճաք է առաջացել, դա շտկելը հեշտ է:  Կտավից կարկատան սոսնձեք հենց ծեփամածիկի վրայից. դրա լայնությունն առնվազն 6 սմ-ով մեծ պետք է լինի ճաքից:  Այնուհետ վերցրեք դանակը, ամուր սեղմեք և կտրվածք արեք ամբողջ պարագծով այնպես, որ դանակն անցնի թե կարկատանի, թե ծեփամածիկի, թե կտավի ստորին շերտի միջով: Մաքրեք ծեփամածիկի շերտը և սոսնձեք անհրաժեշտ չափը ստացած կարկատանը և նորից ծեփեք մի քանի շերտով:

Եթե ցանկանում եք Ձեր բնակարանի ներքին հարդարման շահագործման ժամկետը մեծացնել՝ օգտագործեք ապակեկտավ, որը թեև էժան, բայց շատ օգտակար շինանյութ է: Այն հատկապես հարմար է գիպսատվարաթղթե առաստաղների և այլ կառուցվածքների համար, որոնց կցակարերը հաճախ են ճաք տալիս: Եթե տեխնոլոգիան պահպանեք և հետևեք տեղադրման կանոններին, ընդմիշտ կմոռանաք միկրոճաքերի մասին 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ