Ինչպես ստանալ գեղեցիկ սեղանի ձևավորում

inchpes-stanal-gexecik-sexani-dzevavorum-5

Սեղանի գեղեցիկ ձևավորումն ու սպասքադրումը նպաստում են կերակուրն ու ըմպելիքներն առավել հաճույքով վայելելուն: Համոզվելու համար սովորական թեյը լցրեք պլաստիկե և հախճապակե գեղեցիկ բաժակի մեջ կամ ամենասովորական ուտելիքները՝ գեղեցիկ ափսեների մեջ: Տարբերությունն ակնհայտ է:

Այս հոդվածում interier.am-ը կներկայացնի մի քանի օգտակար խորհուրդ՝ ամենօրյա և տոնական սեղանի ձևավորում ստանալու համար:

Սեղանի ձևավորում. ինչպես պետք է ընտրել սպասքը

Ճաշի կամ թեյի սպասք ընտրելիս հիշեք, որ գեղեցիկ սպասքը կարելի է օգտագործել ոչ միայն տոներին, այլև առօրյայում: Այս առումով կերամիկական սպասքը շատ հարմար է: Նույնիսկ մեկ բաժակ թեյը կամ ընտանեկան համեստ ընթրիքը շատ գեղեցիկ ու տոնական տեսք կունենա, եթե մատուցելիս ընտրեք կոկիկ ծածկոց և գեղեցիկ սպասք:

Սպասք ընտրելիս առաջին հերթին հաշվի առեք Ձեր նախասիրություններն ու խոհանոցի կամ ճաշասենյակի ոճը: Եթե դրանք ոճով ու գունային համադրությամբ ներդաշնակ են, Ձեր սեղանի ձևավորումը միշտ գերազանց կլինի:

Եթե նախընտրում եք դասական ոճը, ապա Ձեզ համար իդեալական տարբերակ կլինի սպիտակ կերամիկայից նուրբ նախշերով սպասքը: Դասական սպիտակ սպասքի առավելությունն այն է, որ այն հարմար է և՛ տոնական օրերին, և՛ առօրյայում օգտագործելու համար, հատկապես, եթե ընտրեք որակյալ ու դիմացկուն կերամիկա:

 inchpes-stanal-gexecik-sexani-dzevavorum-3

Տոնական սեղանն անգլիական ոճով ձևավորելու համար սպիտակ սպասքին համադրեք արծաթե պարագաներն ու ժանյակազարդ տեքստիլը: Չմոռանաք նաև, որ աքսեսուարները՝ շաքարամանը, քաղցրավենիքի և ուտեստների համար նախատեսված ափսեներն ու դարակիկները պետք է լինեն նույն ոճի մեջ: Դեկորատիվ օղակների մեջ անցկացված անձեռոցիկները սեղանի սպասքադրումը կդարձնեն առավել նրբաճաշակ:

Գեղջկական քանթրի ոճն առավել պահանջված է խոհանոցների ձևավորման մեջ, քանի որ նրա շնորհիվ ստեղծվում է ընտանեկան ջերմության և հարմարավետության զգացում: Ջերմ ու բնական գունային գամման, բնական նյութերն ու պարզ ուրվագծերը բնորոշ են նաև այդ ոճին համապատասխան սպասքին: Ի հավելումն դրանց շատ կարելի է ընտրել վուշե ծածկոց, խոհանոցային փայտե իրեր և զամբյուղ՝ կոնֆետների կամ այլ ուտելիքի համար:

 inchpes-stanal-gexecik-sexani-dzevavorum-4

Եթե ուզում եք, որ սպասքը դառնա խոհանոցի ինտերիերի վառ շեշտադրումն ու հիմնական ձևավորումը, ուրեմն ընտրեք խայտաբղետ բուսական նախշերով սպասք:

Ծաղկանախշերով կերամիկան կհամապատասխանի թե՛ քանտրի ոճին, թե՛ էթնիկ ինտերիերին: Այսպիսի սպասքը կարելի է դասավորել ապակե բաց դարակներում՝ աշնանային թխպամած օրերին տրամադրությունը բարձրացնելու համար:

inchpes-stanal-gexecik-sexani-dzevavorum-1

Խայտաբղետ նախշերով սպասքի համար աքսեսուարներ ընտրելիս զուսպ եղեք. ծածկոցը պետք է լինի միագույն, իսկ աքսեսուարները՝ առավելագույնս պարզ:

Եթե Ձեզ դուր է գալիս սկանդինավյան մինիմալիզմը, արդիական էկո ոճը և ժամանակակից զուսպ ինտերիերը, սակայն միևնույն ժամանակ ուզում եք, որ խոհանոցը լինի ընտանեկան ներդաշնակությամբ ու հարմարավետությամբ լեցուն, ուրեմն ժամանակակից լակոնիկ ինտերիերը հավելեք հասարակ սև-սպիտակ նկարներով կերամիկական սպասքով: Վերջինս շատ պաշտոնական ու խիստ տեսք չի ունենա:

Ժամանակակից պարզ նախշերով կերամիկական սպասքը հիանալի միջնորդ  է դասականի ու ժամանակակիցի համար, գործածական է ու համապատասխանում է գրեթե ցանկացած ժամանակակից խոհանոցի:

inchpes-stanal-gexecik-sexani-dzevavorum-2

Սեղանի ձևավորումը չի սահմանափակվում միայն սպասք ընտրելով: Ինտերիերի գեղեցիկ ձևավորում կարող են լինել սեղանի կենտրոնում դրված բնական ծաղիկները: Ճոխ ծաղիկների համար պետք է ընտրել պարզ դիզայնով ծաղկաման, որպեսզի այն ուշադրությունը չշեղի ծաղիկներից: Ընտրեք առանց ավելորդ նախշազարդերի, դասական ոճի ծաղկաման: Միևնույն ժամանակ, սակայն, վառ գույներով ծաղկամանը գեղեցիկ գունային շեշտադրում կարող է լինել ինտերիերի համար և կենդանություն հաղորդել հարդարված սեղանին:

Հիշե՛ք, որ գեղեցկությունը դետալների մեջ է, և սեղանի ձևավորումից կախված է, թե ինչպես կընդունվեն մատուցվող ուտեստները, ինչպիսին կլինի սեղանի շուրջը նստածների տրամադրությունը, այլ կերպ ասած՝ տան ներդաշնակությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ