Շինուազրի կամ չինական ինտերիեր
Վիշապներ, քաջվարդեր, քրիզանթեմներ, հեքիաթային թռչուններ, լաքապատ սնդուկներ ու կոմոդներ, շիրմաներ ու բաց երկնագույն ճենապակի… շինուազրի ոճի հիմնական բաղադրիչներ, որոնք Եվրոպայում տարածվեցին XVII դարում և արդիական մնացին մինչև մեր օրերը:
XVII դարի սկզբին, Օստ-Ինդիա ընկերության աշխատանքի շնորհիվ, ակտիվորեն Եվրոպա ներմուծվեցին նկարազարդ շիրմաներ, թեք ոտքերով լաքապատ բուֆետներ, ոսկյա քանդակներով պահարաններ, զարմանալի նախշերով մետաքսյա գործվածքներ ու ճենապակի և մեկընդմիշտ գրավեցին եվրոպացիների սրտերը: Միայն թե այդ ամենը շատ թանկ արժեր:
Դրանից ելնելով՝ հնարամիտ եվրրոպացիները սկսեցին ինքնուրույն պատրաստել այդ ամենը՝ նմանակելով չինացի վարպետներին: Հենց այդպես առաջացավ շինուազրի ոճը: Շինուազրին ֆրանսիական բառ է, և հուշում է, որ դրա առաջին դրսևորումներն ի հայտ են եկել Փարիզում ու դրա շրջակայքում:
Շինուազրին իսկական Չինաստանը չէ, այն ուղղակի օգնում է չինական ինտերիեր ստեղծել այնպես, ինչպես դա եվրոպացիներն են պատկերացնում:
Եվ այդ պատկերացումը սկսեց դրսևորվել տարբեր ժանրերում՝ դեկորատիվ զարդանախշերի, կահույքագործության, ճարտարապետության, գեղանկարչության ու նորաձևության մեջ:
Այսպես չինական բնություն պատկերող գործվածքների վրա հայտնվեցին կապիկներ, վագրեր ու արմավենիներ: Այն ժամանակվա ֆրանսիական գործվածքների վրա հովվերգական դրվագների փոխարեն կարելի է հանդիպել չինացիների՝ ինչ-որ անսպասելի ֆոնի վրա, ասենք հնդկական տեսարժան վայրում:
Նման կամայականություններ անում էին ոչ միայն ֆրանսիաիցիները: Այսպես, հոլանդական կամ անգլիական ճենապակու վրա միաժամանակ պատկերվում էին եվրոպական բնանկարներ ու վիշապներ: Անգլիացի հայտնի փայտագործ Թոմաս Չիպենդեյլը ստեղծեց այդպիսի կահույքի մի ամբողջ հավաքածու: Նախշավոր թիկնակով շատ առարկաներ դարձան համաշխարհային դիզայնի դասականներ ու թողարկվում են մինչ օրս:
1730-ական թվականերին ֆրանսիացի կահույքագործ Մարտեն եղբայրները հայտնագործեցին այնպիսի լաքեր, որոնք նման էին չինականին: Դրանից հետո չինական սև, ոսկեգույն ու կարմիր կահույքի կողքի ինտերիերում հայտնվեց նաև այլ գույների՝ երկնագույն, կանաչավուն կահույք՝ չինական ոճով:
Չնայած խառնաշփոթին՝ ստեղծվեց պայծառ, նրբագեղ ու հեքիաթային ոճ, որը միաժամանակ նաև ադապտացված էր եվրոպական ճաշակին:
Եվ քանի որ Չինաստանի հանդեպ հետաքրքրությունը չմարեց, շինուազրին մտավ դեկորի պատմության մեջ, նրա դեկորի առանձին տարրեր սիրված ու պահանջված են նաև 21-րդ դարում: Իհարկե, այսօր շինուազրի մոտիվները այնքան անզուսպ չեն կիրառվում, ինչպես Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանում, սակայն չինական հետքն առաջվա նման կարելի է գտնել ամենաժամանակակից եվրոպական ինտերիերներում ու հավաքածուներում:
Չինական գեղագիտությունը մինչ այսօր ոգեշնչում է դիզայներներին
Վարդակակաչներով, վիշապներով, թռչուններով պաստառներն ու գործվածքները առկա են եվրոպական լավագույն արտադրողների հավաքածուներում, և այդպիսի գեղեցկությանը դիմադրելը շատ դժվար է: Սակայն պետք է պահպանել չափի զգացումն ու չինական ինտերիեր ստեղծելու համար դրանցով զարդարել ոչ թե ամբողջ սենյակը, այլ մի պատը կամ պատի մի հատվածը:
Շինուազրի ոճի առարկաները հիանալի համադրվում են դասական հանգիստ կահույքի ու դեկորի հետ և հանդես են գալիս որպես վառ շեշտադրումներ: Դրանք ինտերիերը դարձնում են ավելի բարդ, բազմաշերտ ու նրբագեղ:
Շինուազրին դասական է, այն երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, սակայն ամեն մի ժամանակաշրջան սիրում է չինական ոճի որոշակի առարկաներ:
Այսպես, վերջին մի քանի տարիներին հռչակված է չինական աթոռակը: Այն ինտերիերի կոմպակտ ու օգտակար իր է, որը կարելի է դնել այգում կամ սենյակում, օգտագործել որպես աթոռակ, սեղան, տակդիր կամ պահարան: Գունավորումը շատ բազմազան է, և զարմանալի չէ, որ դեկորատորներն ուղղակի սիրահարված են այս աթոռակներին ու այն ակտիվորեն օգտագործում են իրենց նախագծերում:
Մեր ժամանակվա հիթերի շարքում են կափարիչով չինական թեյամանները: Շատ արդիական են թեք ոտիկներով լաքապատ պահարանները կոմոդներն ու պատվանդանները: Երկար տարիների մոռացությունից հետո նորաձևություն վերադարձան շիրմաները:
Բազմագույն ներկապնակն օգնում է, որ այդ իրերն էլ ավելի հռչակվեն. դրանք լինում են վառ կարմիր, թարմացնող կանաչ, փիրուզագույն՝ այն, ինչ անհրաժեշտ է վառ գունային շեշտադրում ստեղծելու համար:
Շինուազրի ոճի առարկաները լավ ներգրավվում են նորաձև Global chic կոնցեպցիային, երբ ինտերիերն ստեղծվում է տարբեր ազգերի կահույքի ու դեկորի համադրմամբ, ասես այդ բոլոր իրերը բերվել են ճանապարհորդություններից հետո, աշխարհի տարբեր ծայրերից 🙂
Շինուազրին ամբողջությամբ հորինված ոճ է, նրա ամեն ինչը փոքր-ինչ թատերական է, փոքր-ինչ չափազանց, ուստի շատ կարևոր է չափավորել ինտերիերում դրա առկայությունը: Նույնիսկ եթե թռչունները, քաջվարդերը, պագոդաները ձեզ դուր են գալիս, ջանացեք այդ ամենով չծանրաբեռնել ինտերիերը: