Սովորում ենք ընտրել օդորակիչ
Խոշոր տեխնիկա գնելիս յուրաքանչյուր ոք ընկնում է փնտրտուքի մեջ՝ չիմանալով ինչպես ընտրել:
Եթե չգիտեք ինչ սկզբունքով ընտրել օդորակիչ, իմացե՛ք, որ գնից բացի գոյություն ունեն նաև այլ կարևոր գործոններ, որոնք հարկավոր է հաշվի առնել:
Նախ՝ մտածեք, թե որտեղ պետք է տեղադրեք. սա ամենակարևոր գործոններից է:
Երկրորդ՝ տարածքի մակերեսը. հնարավոր չէ փոքր հզորությամբ օդորակիչով մեծ մակերեսներ սպասարկել:
Եթե օդորակիչը նախատեսված է 20 քմ պակաս տարածության համար, ապա այն 25-30 քմ տարածքում տեղադրելը հավասարազոր է փողերը քամուն տալուն: Այդպիսի պայմաններում օդորակիչն անդադար կաշխատի ամբողջ ուժով՝ միաժամանակ չապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան:
Բոլոր օդորակիչների հիմնական բաղադրիչը կոմպրեսորն է, իսկ վերջինիս կենսունակությունը սահմանափակվում է որոշակի աշխատաժամանակով: Այսպիսով, մեծ տարածքում թույլ օդորակիչ դնելով ոչ միայն չեք ունենա անհրաժեշտ արդյունք, այլև մի քանի անգամ կկրճատեք տեխնիկայի կյանքի տևողությունը:
Նույնը վերաբերում է բաց դռներով ու օդանցքներով տարածքում օդորակիչ միացնելուն: Հիշե՛ք. կա՛մ պետք է միացնել օդորակիչը, կա՛մ բացել պատուհանները, այլ կերպ հնարավոր չէ:
Երրորդ՝ ինվերտորի (մշտական հոսանքը փոփոխականի վերածող սարք) առկայությունը: Ինվերտորային կառավարումը թույլ է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը և երկարացնել կոմպրեսորի կյանքը: Վերջինս տեղի է ունենում, երբ ինվերտորային կառավարմամբ օդորակիչը հանձնարարված ջերմաստիճանին հասնելուն պես անցնում է ջերմաստիճանի պահպանման ռեժիմի:
Առանց ինվերտորի մոդելներն աշխատում են անջատվել-միանալով. համակարգն անջատվում է որոշակի ջերմաստիճանի հասնելով ու նորից միանում ողջ թափով: Ինվերտորային մոդելների թերությունը (ինվերտոր չունեցողի առավելությունը) էլեկտրոնային լցոնի առատությունն է, որը դժվար է տանում լարման անկումները:
Այս պատճառով, եթե Ձեր բնակավայրում դրանք հաճախակի են, ավելի լավ է վերցնել դասական մոդել, թեև ինվերտորային կառավարմամբ ժամանակակից սպլիտ-համակարգերն արդեն ունեն ներդրված կայունացուցիչներ:
Ինչպե՞ս ճիշտ ընտրել օդորակիչ – գործառույթներն ու ռեժիմները
Թվարկենք օդորակիչների հիմնական ռեժիմներն ու գործառույթները
Սառեցման ռեժիմ
Սառեցման ռեժիմն օդորակիչի հիմնական գործառույթն է, իսկ ջեռուցման ռեժիմ կարող է և չլինել: Եթե ջեռուցման ռեժիմ կա, ուշադրություն դարձրեք նվազագույն ջերմաստիճանին, որի դեպքում կարելի է միացնել սարքը: Այս ռեժիմի հետ է կապված օդորակիչի պաշտպանիչ փողապատների (накладка) առկայությունն ու սառցակալումից պաշտպանելու գործառույթը: Եթե թույլատրվում է միացնել տաք վիճակում, նշանակում է, որ օդորակիչը նախ ինքը կսառեցնի արտաքին բլոկը:
Չորացման ռեժիմ
Չորացման ռեժիմն անհրաժեշտ է խոհանոցում և խոնավ շինություններում՝ պանելային բարձրահարկ շենքերի հողմահակառակ կողմի անկյունային սենյակներում կամ այլ խոնավ շինություններում:
Եթե Ձեր բնակարանում երբեք առանձնապես խոնավ չի լինում, այսպիսի ռեժիմի անհրաժեշտություն չկա, իսկ այն պատահաբար միացնելը կհանգեցնի օդի չորացման, ինչը բացասաբար է անդրադառնում շնչառական համակարգի վրա: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ որոշ մոդելներում խնայող ռեժիմը միացվում է չորացման ռեժիմով: Ուշադի՛ր եղեք:
Գիշերային ռեժիմ
Ուսումնասիրեք, թե կոնկրետ մոդելում ինչ է հաշվի առնված գիշերային ռեժիմի համար. նախատեսվա՞ծ է արդյոք աղմուկի նվազեցում, թե՝ ոչ:
Ավտոմատ ռեժիմ
Այս ռեժիմում օդորակիչը պահպանում է բոլոր երեք հիմնական ռեժիմների համար հանձնարարված պարամետրերը:
Խնայող (էկոնոմ) ռեժիմ
Տարբեր արտադրողների մոտ խնայողության պատկերացումները տարբեր են, ուստի այս ռեժիմի մասին նույնպես հարկավոր է մի քիչ ավելին իմանալ: Բացի դրանից, հարկավոր է հասկանալ, որ նույնիսկ միևնույն արտադրողի միևնույն մոդելի դեպքում աշխատանքը տարբեր կլինի՝ կախված ինվերտորի առկայությունից կամ բացակայությունից: Այսպես, խնայող ռեժիմում օդորակիչը նվազեցնում է հզորությունն ու հնարավորինս հազվադեպ է միանում ողջ հզորությամբ: Ջերմաստիճանն այս դեպքում պահպանվում է օդի շարժում ստեղծող օդապտուտակիչի միջոցով, որը հնարավորինս երկարաձգում է ջերմաստիճանը կամ գոնե ստեղծում է զովության պատրանք: Սա հիանալի է առանց ինվերտորի մոդելում, իսկ ինվերտորային կառավարմամբ մոդելի համար այս գործառույթն ուղղակի անօգուտ է:
Ֆիլտրեր
Հիմնական ֆիլտրը մեծ մակերեսով ցանցն է, որը ծածկում է ներքին բլոկը՝ այն պաշտպանելով փոշուց և այլ մասնիկներից, որոնք կարող են ներխուժել օդի հոսանքով: Մարդու առողջության պահպանման նպատակով օդի ֆիլտրումն ի սկզբանե երկրորդ տեղում էր, և ժամանակի ընթացքում միայն սկսեցին դրան ավելի շատ ուշադրություն դարձնել: Ստանդարտ ֆիլտրի շահագործման տևողությունը հավասար է հենց օդորակիչի շահագործման տևողությանը: Լրացուցիչ ֆիլտրերն ունեն շահագործման սահմանափակ ժամանակ, սովորաբար 3-5 ամիս:
Օդորակիչ ընտրելիս հետաքրքրվեք հավաքածուում լրացուցիչ ֆիլտրերի առկայության և դրանց տեղադրման հնարավորության մասին: Ուշադրություն դարձրեք նաև լրացուցիչ ֆիլտրերի չափերին. սովորաբար դրանք երկու չափի են լինում, բայց մեկ ներքին բլոկին հնարավոր է տեղադրել միայն մեկ չափի ֆիլտր:
Սրանք այն հիմնական պարամետրերն են, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, եթե ցանկանում եք ընտրել օդորակիչ: Մյուս լրացուցիչ գործառույթները՝ սմարթֆոնով կառավարելու հնարավորությունը և այլն, ամենևին էլ կարևոր չեն և դրանց համար վճարելուց առաջ հարկավոր է մտածել 🙂