Տանիքների տեսակները. սովորում ենք ընտրել
Ո՞ր նյութն է հարմար տան տանիքի համար. այս կարևոր հարցը շատերին է մտահոգում, ովքեր առանձնատան շինարարությամբ են զբաղվում: Տանիքի նյութը, ձևն ու գույնն ընտրելիս հապճեպ որոշումներ չպետք է կայացնել: Տանիքը ներդրում է, որից դեռ երկար տարիներ կօգտվեք, ահա թե ինչու նրա ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածել ու կշռադատել: Դիտարկենք հիմնական տարբերակներն ու դրանց բնութագրերը, ինչպես նաև ընտրության չափանիշները:
Ծախսերի նախահաշվի կազմումը
Հիմնական չափորոշիչը գինն է: Այդուհանդերձ չարժե հույսը բացառապես դնել նյութի արժեքի վրա: Անհրաժեշտ է հաշվարկել տանիքի ճիշտ տեղադրման բոլոր ծախսերն ու շահագործման ծախսերը, այսինքն մանր շտկումներն ու վերանորոգումը: Այսինքն՝ մատչելի տանիքի ընտրության հարցը համալիր մոտեցում է պահանջում:
Ծախսերի ընդհանուր նախահաշիվը ներառում է նաև տանիքի առանձին տարրերի գինը, ինչը կախված է նաև ծածկի քաշից: Օրինակ՝ կերամիկական տանիքը մեծ քաշ է ունենում:
Տանիքի տեսակն ընտրելիս պետք է նաև նկատի ունենանք, որ դա շինության այն մասն է, որը վերջում է տեղադրվելու, երբ ծախսերի մասշտաբները լիովին հայտնի լինեն: Ու կարող է ստացվել այնպես, որ ձեր մտածած տարբերակը չհամապատասխանի ձեր գրպանի հնարավորություններին: Ահա թե ինչու պետք է նախօրոք որոշակի պահուստային գումար նախատեսել շինարարության համար:
Ո՞ր տանիքն է լավագույնը տան համար
Առանձնատներում ամենամեծ տարածումն ունի տանիքի 4 տեսակ, որոնք կարող են տեղադրվել բազմաթիվ տարբերակներով՝
- հանքանյութ (գուդրոն) և բիտումային կղմինդր
- շերտավոր մետաղ և մետաղական կղմինդր
- կերամիկական կղմինդր
- բետոնե կղմինդր, որը լինում է թեթև և ծանր
Վերջերս է՛լ ավելի մեծ տարածում են ստանում նաև բիտումե էժան և թեթև ծածկերը, որոնք, սակայն, գեղագիտական առումով ոչ բոլոր տեսակի տներին են համապատասխանում:
Ծածկերը լինում են
- թեթև` 1,5-20 կգ/մ2
- ծանր՝ 30-80 կգ/մ2
Այս բաժանումը կարևոր նշանակություն ունի տանիքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները հաշվարկելիս: Թե ինչ տանիք ընտրել՝ կախված է շատ գործոններից, բայց ընդհանուր առմամբ տների նախագծերը նախատեսում են փայտամածե կոնստրուկցիաներ, որոնք ունակ են դիմանալու նաև ծանր ծածկի, հակառակ դեպքում ծածկի քաշը հաշվի է առնում 2 այլ գործոն՝
- քամու ու ձյան առավելագույն ծանրությունը (100կգ/մ-ից ավելի)
- փայտամածների հաստությունը, որոնք բավարար են տանիքի լավ ջերմամեկուսացման համար (հաստությունը՝ 15 սմ-ից ոչ պակաս, լավագույն է համարվում 20-ը): Փայտամածը, որպես կանոն, ունի 15-18 սմ հաստություն և 5-8 սմ լայնություն:
Կերամիկական կղմինդր
Ամենահուսալին համարվում են արդեն հազարամյակով գոյություն ունեցող կերամիկական կղմինդրները: Այն հնուց ի վեր ամենահին ու ամենաամուրն է համարվում տանիքների մեջ: Կավից պատրաստված տարրերը գեղեցիկ ու ազնվաշուք կարմիր աղյուսի գույնն ունեն, որոնք շատերի մոտ են ասոցացվում տան դասական պատկերի հետ:
Շնորհիվ արդի արտադրական տեխնոլոգիաների՝ այսօր կերամիկական կղմինդրը տարբեր գույներ կարող է ընդունել՝ գոհացնելով ամենաքմահաճ գնորդի պահանջները: Այն ամենածանր ու ամենաթանկ ծածկն է, հատկապես կրկնակի շերտ օգտագործելու դեպքում, բայց շատ գեղեցիկ է նայվում ու հարմար է բարդ տանիքների կառույցներում օգտագործելու համար: