Տոնական դեկոր Ձնե թագուհու մոտիվներով
Եթե հոգնել եք ամանորյա կարմիր ու ոսկեգույն դեկորներից, ապա առաջարկում ենք նոր ու յուրահատուկ ամանորյա ձևավորում:
Սպիտակն ու արծաթագույնը հիմնական գույներն են, որոնց միջոցով կարելի է ստանալ Ձնե թագուհու մոտիվներով ինտերիեր:
Կախված նրանից, թե ինչպիսի ձևավորում եք ուզում ստանալ, կարող եք օգտագործել նաև բաց երկնագույն, կաթնագույն կամ ոսկեգույն երանգներ: Սակայն փորձեք պահպանել սպիտակի ու արծաթագույնի համադրությունը:
Ապակի և բյուրեղապակի
Ապակե և բյուրեղապակե ծաղկամանները, կախազարդերը, դեկորատիվ աքսեսուարներն ու տոնական այլ զարդարանքները հիանալիորեն ներմուծվում են ինտերիեր: Կարելի է ավելացնել նաև հայելային տարրեր:
Զարդարում ենք տոնածառն ու փաթեթավորում ենք նվերները
Տոնածառը նույնպես պետք է լինի սպիտակ ու արծաթագույն երանգներով: Կարելի է ճյուղերը ձևավորել արհեստական ձյունով: Նվերները փաթեթավորեք՝ ընտրելով վերը նշված գունային երանգներն ու ընդգծելով տոնական տրամադրությունը:
Ձևավորում ենք սեղանը
Տոնական մթնոլորտ ստեղծելու ամենակարևոր մասը սեղանի ձևավորումն է: Ընտրեք սպասքը, պարագաներն ու անձեռոցիկները միևնույն երանգներով՝ սեղանը զարդարելով նաև մոմերով: Կարելի է օգտագործել ապակե և բյուրեղապակե ծաղկամաններ՝ լցված արծաթագույն գնդերով կամ կոներով:

Զարդարում ենք դռները, պատուհաններն ու պատուհանագոգերը
Ոճային ձևավորված պատուհանագոգերը տոնական տրամադրություն են ստեղծում ոչ միայն ինտերիերում, այլև փողոցում: Օգտագործեք լուսային ու թղթե դեկորներ, ճյուղեր և այլն:
Գոյություն ունեն ամանորյա դեկորատիվ ջահեր, որոնք տոնական մթնոլորտը դարձնում են ամբողջական:
Որպեսզի չփչանա դռների մակերեսը, օգտագործեք երկկողմանի կեռիկներ և այլևս սոսնձելու ու ծակելու կարիք չի լինի:
Օգտագործեք բնական նյութեր
Ճյուղերը, կոները, փայտն ու այլ բնական նյութերը ներդաշնակ ու տաքուկ մթնոլորտ են ստեղծում:
Վինտաժային մոտիվներ
Հետաքրքիր մթնոլորտ են ստեղծում նաև հնացած իրերը, տոնածառի խաղալիքները` ինտերիերին հաղորդելով հեքիաթային ու յուրօրինակ մթնոլորտ: