Ծովային թեման ինտերիերում

Մեզնից ո՞վ չի երազել թեկուզ մի կարճ ժամանակ ապրել ծովափնյա փոքրիկ հարմարավետ տնակում: Ձյունաճերմակ պատեր, բնական նյութեր, թարմ օդ և լուսառատ սենյակներ: Ծովային ոճը տարիներ շարունակ սիրված է մնում՝ մարմնավորելով հավերժական արժեքներ՝ բնությանը մոտ լինելը, ազատությունն ու կյանքի լիարժեքությունը: Թեև այս ոճը ևս ժամանակի հետ որոշ փոփոխություններ է կրում՝ ձեռք բերելով նորաձևությամբ ու ժամանակակից մարդու ճաշակով թելադրված գծեր:

Այսպես էլ ծովային ոճն այսօր դարձել է առավել մինիմալիստական, թարմ ու պարզ:

Ծովային ոճի հիմքը լույսի առատությունն է, իդեալական տարբերակում՝ ճեփ-ճերմակ: Դա սենյակի ներսում արևի լույսը վերարտադրելու փորձ է, որով այնքան լի է ծովափնյա տարածքը: Հենց մաքուր սպիտակ գույնն է ամենից լավ արտացոլում լույսն ու թարմության, թեթևության առանձնահատուկ զգացողություն ստեղծում:

Կապտասպիտակ և կարմրասպիտակ շերտերը վաղուց արդեն դարձել են ծովային ոճի անքակտելի տարրը, սակայն չարժե դրանք չարաշահել: Շերտերը լավ են, բայց եթե ուզում եք ամենաժամանակակից մեկնաբանությամբ ինտերիեր ստանալ, պետք է դրանք շատ սահմանափակ օգտագործել, իսկ ավելի լավ է առավել թարմ, յուրօրինակ լուծումներ գտնել:

Ինչ վերաբերում է գունային ներկապնակին, առաջինը միտքն են գալիս կապույտը, կարմիրը և սպիտակը: Այսօր դիզայներներն առաջարկում են որպես հիմք վերցնել նուրբ, ծովային երանգներն ու համադրել դրանք սպիտակի հետ: Աղոտ փիրուզագույնը, բաց երկնագույնը, գորշ-երկնագույնը էլ ավելի շատ թարմություն կհաղորդեն ինտերիերին:

Եվս մի հնարավորություն՝ ծովային ոճին ժամանակակից տրամադրություններ հաղորդելու, այն է՝ համադրել վինտաժի տարրերի հետ: Բրոնզափառով ու թեթև քերծվածքներով պատված հնաոճ իրերը հատկապես լավ են բացահայտվում նման պարզ ու հանգստացնող ծովային ոճի ֆոնին:

Ոչ պակաս կարևոր տարր է մնում տեքստիլը: Ճիշտ ընտրված տեքստիլի տարրերը չեն թողնում, որ պարզ պատերն ու լակոնիկ ձևորը ձանձրալի երևան: Խախապատվությունը պետք է տալ բնական նյութերին. սինթետիկը ոչ մի կերպ չի ներառվում այս ոճի գաղափարի հիմքում:

Պատերը ներկելու համար ավանդաբար օգտագործվում են փայտե պանելներ, որոնք, որպես կանոն, բաց գույներով են ներկվում: Հարդարանքի այս եղանակը դեռևս արդիական է ու թեև մեծ ֆինանսական ու ժամանակային ներդրումներ է պահանջում, արդյունքը հիասքանչ է:

Ծովափնյա տունը միշտ այնպես է ձևավորվում, որ պատերի հարդարանքն ու բոլոր իրերն առավելագույնս բնական նյութերից լինեն:

Առանց աքսեսուարների անհնար է գլուխ հանել, բայց չարժե չափից դուրս շատ աքսեսուար ներգրավել: Սահմանափակվեք 2-3 շեշտող դետալով, որոնք ուղիղ հղում կծառայեն ծովային ոճին՝ մի քանի խոշոր խեցի կամ պարանով զարդարված ֆոտոշրջանակ:

 

Ծովային ոճը սովորաբար հանգստացող ու պարզ տեսք է ունենում, բայց կարող է և այլ լինել՝ էլեգանտ ու շքեղ: Բավական է մինիմալիստական բազան լրացնել արվեստի մի քանի նմուշներով, որոնք ևս հղում են անում ծովային թեմատիկային:

Կարևոր է ոչ միայն գեղեցկություն ստեղծել, այլև մշտապես պահպանել այն: Ծովային ոճը չի հանդուրժում անկարգություն, թափթփվածություն, ահա թե ինչու պետք է նախապես հոգ տանել պահպանման փակ համակարգերի մասին: Այդպես կարելի է ուշադրությունը ոչ կարևոր առարկաներից տեղափոխել հարդարանքի ամենագեղեցիկ ու շքեղ տարրերին:

 

 

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ