Վարդակի տեղադրում խոհանոցում
Խոհանոցն այն տեղն է, որտեղ էլեկտրական սարքերն ամենաշատն են օգտագործվում, ինչի պատճառով էլ նախագծման և վերանորոգման ժամանակ պետք է մտածել վարդակների տեղադրման մասին: Այսօր interier.am-ը կփորձի Ձեզ օգնել խորհուրդներով:
Ուշադրություն. Պետք է այնպես տեղադրել վարդակները, որպեսզի այնտեղ ջուր կամ այլ հեղուկներ չլցվեն:
Ի՞նչ պետք է հաշվի առնել վարդակներ տեղադրելիս
Ո՞ր հատվածում է տեղադրվելու խոշոր կենցաղային տեխնիկան
Սառնարանի, լվացքի մեքենայի, էլեկտրական ջեռոցի, օդակլանիչի համար պետք է վարդակներ նախատեսել, ընդ որում դրանք կարող են լինել չերևացող տեղերում, քանի որ, այդ սարքերը միացնելուց հետո, անջատելու կարիք գրեթե չի լինում:
Ո՞ր հատվածում եք օգտագործելու մանր կենցաղային տեխնիկան
Պետք է նախքան վարդակներ տեղադրելը մտածել, թե հարիչը, կոմբայնը կամ մսաղացը խոհանոցի ո՞ր հատվածում եք նախընտրում օգտագործել և ըստ այդմ վարդակների հարցում կողմնորոշվել:
Ուշադրություն. Պետք է նաև հաշվի առնել, որ սարքերի մեծամասնության լարերը կարճ են լինում:
Եթե սարքերը օգտագործելուց հետո պահարանում չեք պահելու, ապա կարող եք վարդակներն անմիջապես սարքերի հետևամասում տեղադրել:
Խոհանոցի ո՞ր հատվածում եք ավելի շատ աշխատելու
Լավ մտածեք, թե ո՞ր հատվածում է ավելի հարմար աշխատել և այդ տարածքին մոտ մի քանի հավելյալ վարդակ տեղադրեք:
Լուսավորման ի՞նչ սարքեր եք օգտագործելու
Վարդակները տեղադրելիս, չմոռանաք նաև լուսավորման սարքերի հնարավոր տեղադրության մասին, որոնց համար ևս վարդակներ են անհրաժեշտ:
Խորհուրդ. Ժամանակակից խոհանոցային կահույքները հագեցած են հալոգենային կամ դիոդային լուսամփոփներով, որոնց վարդակները պետք է չերևացող տեղում լինեն:
Խոհանոցում հեռուստացույց նախատեսե՞լ եք, թե՝ ոչ
Եթե հեռուստացույց եք նախատեսում, ապա դրանց համար ևս վարդակներ են հարկավոր:
Խոհանոցում տարբեր գաջեթներ լիցքավորելո՞ւ եք, թե ոչ
Մեծ ընտանիքներում, երբեմն էլեկտրոնային գաջեթները լիցքավորելու համար վարդակները չեն բավականացնում, և ստիպված խոհանոցի վարդակներն են օգնության գալիս: Այնպես որ, պետք է դրանք էլ հաշվի առնել:
Քողարկվող, թաքնված և որպես շեշտադրում օգտագործվող վարդակներ
Անցնենք վարդակների ձևի ընտրությանը: Դրանք պետք է ընտրել ելնելով խոհանոցի ոճից: Վարդակները ճիշտ ընտրելով, կարող եք դրանք կամ ընդգծել կամ քողարկել՝ ստանալով անհրաժեշտ արդյունք:
Թաքնված վարդակներ
Վարդակները կարելի է տարբեր կափարիչների տակ թաքցնել, ներկառուցել դարակների մեջ, որպեսզի դրանք չերևան:
Քողարկված վարդակներ
Վարդակներն անպայման չէ քողարկել, որպեսզի դրանք շատ նկատելի չլինեն, կարելի է վարդակներն ընտրել պատերի գույնին համապատասխան և դրանք տեղադրել հորիզոնական մակերևույթներին կամ հատակին մոտիկ:
Առանձնացող վարդակներ
Այժմ շուկայում տարբեր գույնի և ձևի վարդակներ կան, որոնց շնորհիվ կարելի է նաև ինտերիերում շեշտադրումներ անել: Ժամանակակից նիկելապատ վարդակները շատ գեղեցիկ են դիտվում դասական ոճի խոհանոցում: Սև վարդակները հետաքրքիր են դիտվում հայ-տեք ոճի ինտերիերում:
Ահա և վերջ: Ընտրեք Ձեր խոհանոցին համապատասխան վարդակներ և հետաքրքիր դիզայն ստեղծեք: