Վերանորոգում առանց փոշու
Վերանորոգում ասվածը բոլորիս մոտ տարրերային աղետի տպավորություն է ստեղծում: Սակայն, այսօր գոյություն ունեցող ժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները թույլ են տալիս խուսափել ավերածություններից և «մաքուր» վերանորոգում անել:
Վերանախագծում
Եվ այսպես, եթե ցանկանում եք բնակարանում նոր միջնապատ կառուցել, կամ դռան բացվածքում կամար կառուցել, ապա այդ գործընթացը, համեմատաբար մաքուր, կարելի է անել մոդուլային կոնստրուկցիաների օգնությամբ: Դրա համար պատերին, հատակին և առաստաղին պողպատե պրոֆիլ ամրացրեք, գիպսաստվարաթղթով երեսպատեք և պատը պատրաստ է:
Կարելի է նաև հատուկ գիպսային սալիկներ օգտագործել: Այդ սալերը նման են մեծ չափի աղյուսների, որոնց հիմքի և միակցման մակերեսներին ատամներ ու փորակներ կան: Այդպիսի սալիկներով միջնապատ պատրաստելը մի քանի ժամվա գործ է: Բացի այդ, մոդուլային միջնապատերը, անհրաժեշտության դեպքում կարելի է ապամոնտաժել և այլ մասում տեղադրել 🙂
Պատերը
Եթե, որոշել եք տարածքը սվաղել, նախաներկել և պաստառապատել, ապա կեղտոտ գործերից չեք խուսափի, այդ իսկ պատճառով էլ հատակին պոլիէթիլենային թաղանթ փռեք և ներկարարական ինքնակպչուն ժապավենով ամրացրեք, իսկ վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, պարզապես ծալեք և կեղտի հետ միասին աղբամանը գցեք 🙂
Պատերի հարդարման համար շատ հարմար են պատի համար նախատեսված պանելները, որոնք կարող են դեկորտիվի վերածվել պաստառներով, տեքստիլով կամ ներկելու միջոցով: Այդ պանելները պատին են ամրացվում փոքր մեխերով կամ սոսնձով, իսկ, եթե պանելը վնասվել է, ապա կարող եք հեշտությամբ այն փոխարինել նորով:
Աշխատանքները սկսելուց առաջ, պատերի հին ծածկույթը կարող եք շինարարական տաքացուցիչով հեռացնել, իսկ սվաղը հեռացնելու համար պետք է պատերը լավ թրջել, ադ դեպքում փոշի չի գոյանա:
Հատակ և առաստաղ
Շինարարության ընթացքում ամենակեղտոտ գործերը կապված են առաստաղի և հատակի հետ: Լավ կլինի ձգվող առաստաղներ տեղադրել, բայց, եթե այդ տարբերակը հարմար չէ, ապա սպիտակությունը հանելու համար գլանիկով առաստաղը լավ թրջեք. երբ խոնավությունն առաստաղի մեջ քաշվի, կարող եք մածկաթիակով հեռացնել սպիտակությունը: Ամբողջությամբ առաստաղը մի թրջեք, լավ կլինի ամեն անգամ 1 քառակուսի մետր տարածք թրջեք:
Հատակի համար ամենատարածված հիմքը համարվում է ցեմենտային երեսասվաղը, բայց ադ դեպքում սենյակը իսկական շինհրապարակի է վերածվում: Լավ այլընտրանքային տարբերակ է լցովի հատակը, որի ժամանակ հիմքի վրա բավական հաստ շերտով չոր լցվածք է լցվում, որը պաշտպանված է շոգեխոնավամեկուսիչ նյութով: Այդ շերտի վրա շերտային ծածկույթ է փռվում, այնուհետև ըստ ճաշակի լինոլեում, լամինատ կամ մանրահատակ է հավաքվում: Իսկ, եթե հարթությունը սխալ լինի, ապա ուղղելն ավելի հեշտ է, քա սվաղի դեպքում:
Պատուհաններ
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, պատուհանները մի քանի ժամվա ընթացքում կարելի է փոխել: Վերջիններս տեղադրելուց առաջ, հատակին պոլիէթիլենային թաղանթ փռեք, եթե սենյակում կահույք կա, ապա կահույքն էլ ծածկեք, իսկ պահարանների բռնակները ներկարարական ժապավենով սոսնձեք, որպեսզի պահարանների մեջ փոշի չանցնի: Սենյակի դռան վրա լավ կլինի խոնավ շոր գցել, որպեսզի փոշին այլ սենյակներ չանցնի, դե իսկ հին պատուհանի շրջանակկներն ու պատուհանագոգերը լավ կլինի սենյակից հանել:
Մաքրում
Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, տարածքը մաքրեք և վայելեք նոր բնակարանի շունչը 🙂