Վերանորոգում սկսնակների համար
Բոլորս առնչվում ենք վերանորոգման աշխատանքներին ու երբեմն կանգ ենք առնում որոշակի խնդիրների առջև՝ ինչի՞ց ու ինչպե՞ս սկսել այն: Interier.am-ը կօգնի ձեզ վերանորոգման աշխատանքներ կատարելու հարցում:
Վերանորոգումը մի քանի փուլից բաղկացած երկարատև գործընթաց է: Այն սկսելուց առաջ պետք է որոշակի պատկերացում ունենալ վերջնական արդյունքի մասին: Այդ հարցում օգնության են հասնում դիզայներները:
Վերանորոգումը սկսելուն պես բախվում ենք դեմոնտաժային աշխատանքներ իրականացնելու խնդրին: Դա վերաբերում է այն ամենին, ինչը պատրաստվում եք փոխել՝ էլեկտրահաղորդալարեր, սանտեխնիկա, դռներ, պատուհաններ, պաստառներ և այլն: Սրան հաջորդում են խոհանոցում և լոգարանում խողովակների տեղադրման աշխատանքները, ջեռուցման համակարգերի, ծորակների տեղադրումը: Զուգահեռ կատարվում են նաև էլեկտրամատակարարում ապահովող աշխատանքները: Անվտանգությունն ապահովելու համար դրանք տեղադրվում են հատուկ խողովակների մեջ:
Էլեկտրահաղորդալարերը տեղադելուց հետո անցնում ենք պատերը հարթեցնելու գործողություններին: Պետք է ուշադիր լինել, որպեսզի վերջնական հարթեցումից առաջ պատերը լավ չորացած լինեն: Դրանից հետո արդեն կարելի է անցնել հատակի հարթեցման աշխատանքներին: Այս դեպքում ամենահարմար տարբերակը ավազաբետոնային զանգվածն է, որը շատ արագ է չորանում: Այս փուլում կարելի է սկսել նաև դռների որմնախորշերի չափագրումը:
Վերանորոգման հետագա աշխատանքները կախված են հատակի երեսպատման աշխատանքներից: Եթե գործ ունենք լինոլեումի, լամինատի կամ մանրահատակի հետ, ապա նախ զբաղվում ենք առաստաղի ու պատերի և հետո միայն հատակի աշխատանքներով:
Եթե որպես հատակի ծածկ ընտրել եք մանրահատակը, ապա սկզբում տեղադրում ենք, հղկում և լաքապատում, որից հետո անցնում ենք պատերին: Սա պայմանավորված է նրանով, որ հղկման աշխատանքներից հետո առաջանում է փոշու շերտ, որը վերացնելը բավականին դժվար է:
Հաջորդիվ մնում է միայն տեղակայել շրիշակները, քիվերը, անջատիչները, ջահերը, ապա՝ մարտկոցները, սանտեխնիկան և կահույքը: