Մի քանի խորհուրդ վերանորոգման երկարատևությունն ապահովելու համար
Ինչպես գիտենք բնակարանի սովորական ներքին հարդարումը պահպանվում է ոչ ավելի, քան 5 տարի:
Այսօր կփորձենք հասկանալ՝ ինչպես երկարաձգել վերանորոգման տևողությունը, որպեսզի այն ծառայի գոնե 10-15 տարի:
Մի վազեք նորաձևության ետևից
Սա վերաբերում է ոչ թե ժամանակակից տեխնիկային, այլ ինտերիերի դիզայնին: Եթե չեք պատրաստվում վերանորոգել բնակարանը մոտակա 10 տարիների ընթացքում, ապա փորձեք խուսափել նորաձև ոճային ուղղություններից, որոնք մի քանի տարի անց այլևս նորաձև չեն լինի: Նախապատվությունը տվեք դասական ոճին, ընտրեք այնպիսի իրեր, որոնք չեն հնանում:
Ինչպիսին էլ լինի բնակարանի վերանորոգումը, վաղ թե ուշ այն դառնում է միապաղաղ ու ձանձրալի: Դրա համար անհրաժեշտ է այնպես վերանորոգել բնակարանը, որ հետագայում հնարավոր լինի այն վերափոխել առանց վերանորոգում կատարելու: Պետք է ընտրել չեզոք գույներ ու այնպես համապատասխանեցնել դիզայնի յուրաքանչյուր տարրին, որ որևէ մեկի բացակայության դեպքում ինտերիերը թերի չլինի:
Ընտրեք ամուր ու մշակված նյութեր
Ամուր և լավ մշակված պատերն ու հատակը վերանորոգման երկարատևությունն ապահովող ամենամեծ երաշխիքն են:
Ուշադրություն դարձրեք նյութերի մաշվածակայունությանը, խոնավադիմացկունությանն ու խնամքին: Հակառակ դեպքում վերանորոգված բնակարանն արագ կկորցնի իր սկզբնական տեսքը:
Սանտեխնիկա
Սանտեխնիկան օգտագործում ենք ամեն օր, հետևաբար պետք է ընտրել այնպիսի զուգարանակոնք, ցնցուղ, լոգարան, լվացարանակոնք, որպեսզի լինեն դիմացկուն ու երկրորդ անգամ դրանք վերափոխելու կարիք չլինի:
Այստեղ տեղին է «Ժլատը երկու անգամ է վճարում» ասացվածքը և որպեսզի չբախվեք այդ խնդրին ի սկզբանե մտածեք և ճիշտ ընտրություն կատարեք:
Պատեր, որոնք հնարավոր է մաքրել
Պատահական չեն ստեղծվել լվացվող պաստառներն ու պատի ներկերը ջրային հիմքով: Դրանք բավականին հեշտ են մաքրվում կեղտից: Սա հիանալի տարբերակ է հատկապես այն բնակարաններում, որտեղ կան երեխաներ և կեղտից խուսափելն անհնար է:
Մշտական խնամք
Ինչպես գիտենք, նույնիսկ ամենաթանկարժեք նյութը չի երաշխավորում վերանորոգման երկարատևությունը, եթե բացակայում է խնամքը: Հետևաբար հատակի, պատերի ու սանտեխնիկայի մշտական խնամքի դեպքում կկարողանաք պահպանել վերանորոգման թարմությունն ու ծառայեցնել այն շատ ավելի երկար, քան հնարավոր է: Ամեն ինչ ձեր ձեռքերում է: