Ընտրում ենք ակվարիում
Այս անգամ կդիտարկենք ակվարիում ընտրելու առավել տարածված մոտեցումները 🙂
- Ակվարիումը որպես կենդանի օրգանիզմների կենսական միջավայր: Այս դեպքում մարդը հստակ գիտի, թե ինչ օրգանիզմներ են բնակվելու ակվարիումում և ակվարիումը դիտարկում է որպես ձկների, բույսերի, անողնաշարավորների բնակության համար նախատեսված տարա, որը պետք է ունենա անհրաժեշտ սարքավորումներ:
- Ակվարիումը որպես դեկորատիվ տարր: Այս մոտեցման դեպքում գնորդի ուշադրությունն ավելի շատ կենտրոնանում է ակվարիումի արտաքին տեսքի վրա, իսկ բնակիչների հարցը երկրորդ պլան է մղվում:
Այս երկու մոտեցումները համադրելիս, ինչ խոսք, մեկնումեկը առաջնային կլինի, իսկ եթե երկու տեսակետներն էլ հավասարազոր են, պետք է պատրաստ լինել փոխզիջումների:
Ակվարիում . ընտրում ենք հիմնական մասը՝ տարան
Ակվարիումի հիմնական մասը, որի մեջ ջուր է լցվում, կարող է լինել տարբեր ձևերի: Այն պատրաստվում է ակրիլային կամ սիլիկատային ապակուց:
Այս նյութերի տարբերությունը բավական զգալի է. սիլիկատային ապակին ավելի կարծր է ու փխրուն, այն դժվարությամբ է քերծվում, սակայն ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է կոտրել:
Ակրիլային ապակին ավելի թեթև, փափուկ, ճկուն ու առաձգական է, այն դժվարությամբ է կոտրվում, սակայն հեշտությամբ է քերծվում: Սրա տեսակի ու հաստության ճիշտ ընտրության դեպքում ակվարիումի տարան շատ երկար է ծառայում, չի պղտորվում ու չի փչանում:
Սովորաբար ակվարիում արտադրողները տարայի նյութն ընտրելիս կողմնորոշվում են տարայի ձևով: Ուղիղ ձևեր ունեցող ակվարիումներն ամենից հաճախ պատրաստվում են սիլիկատային ապակուց: Ուռուցիկ, կոր ձևերով ակվարիումները պատրաստվում են ակրիլային ապակուց, բացառությամբ այն դեպքերի, երբ թողարկվում է ստանդարտ ակվարիումների մեծ խմբաքանակ: Ակրիլային ապակին նաև ավելի ապահով է, և ռիսկային գոտիներում ակվարիում տեղադրելիս պետք է ընտրել ակրիլային ապակուց պատրաստված տեսակը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված ապակե մասի գինը: Ամենից առաջ՝ ապակու հաստությունով, ինչն էլ իր հերթին կախված է ակվարիումի անհրաժեշտ բարձրությունից: Հիմնական կանոնն այս է. որքան բարձր է ակվարիումը, այնքան թանկ է: Գնի վրա ազդող գործոններ են նաև ոչ ուղիղ անկյունները, կոր և ուռուցիկ մասերը, հատակին ֆիլտրի ու խողովակների ներկառուցումը, նաև անհատական դիզայնն ու չափսերը:
Ի՞նչ վտանգներ կարող են լինել տարան ընտրելիս: Սիլիկատային ակվարիումի դեպքում դա ապակիների անորակ, սխալ տեխնոլոգիայով սոսնձումն է, ապակիների ոչ բավարար հաստությունը (արդյունքում ապակին կարող է ճաքել), չմտածված կառուցվածքը: Ապակիների ոչ բավարար հաստությունն ամենից առաջ գալիս է արտադրողի «խնայողությունից», իսկ վատ սոսնձումն ու ոչ գրագետ կառուցվածքը պլանավորման ու արտադրության թերացման հետևանք են: Ուստի անհատների մոտ էժանագին ակվարիում պատվիրելիս պետք է պատրաստ լինել ջրհեղեղի:
Ակրիլային ակվարիումի դեպքում նույնպես վերը թվարկված բոլոր թերացումները կարող են հանդիպել: Սակայն ակրիլային ապակին ունի ևս մեկ թերություն. միկրոքերծվածքների հետևանքով ապակին պղտորվում է: Թեև ապակին սրանից չի քայքայվում, սակայն ակվարիումի տեսքն, ինչ խոսք, ժամանակի ընթացքում փչանում է:
Բոլոր այս տհաճություններից խուսափելու համար լավ կլինի ակվարիում գնել հուսալի արտադրողներից:
Ինչպիսի՞ն պետք է լինի ակվարիումի պատվանդանը
Ակվարիումի պատվանդանը միաժամանակ մի քանի ֆունկցիա է կատարում. հանդես է գալիս որպես ակվարիումի հենարան, իր մեջ է ամփոփում սարքավորումներն ու զարդարում է սենյակը (համենայն դեպս, գոնե չի փչացնում տեսքը): Համապատասխանաբար, այն պետք է լինի ամուր, ջրակայուն, տարողունակ և ինտերիերին համահունչ:
Գործարանային պատվանդանները, սովորաբար, համապատասխանում են առաջին երեք պահանջներին, բայց ոչ միշտ են գեղեցիկ ու նրբագեղ: Դա պայմանավորված է նրանով, որ արտադրողները ձգտում են այն պատրաստել առավելագույնս պարզ ու ֆունկցիոնալ: Հավանաբար դա է պատճառը, որ հաճախ ակվարիումի պատվանդան պատվիրում են ուրիշ տեղ, ասենք՝ կահույքագործների մոտ:
- Նախ՝ պատվանդանի ամրությունն ու կոշտությունը: Պատրաստողը կամ արտադրողը պետք է նախապես տեղեկացված լինի, թե ինչ նպատակի է ծառայելու պատվանդանը, ինչպիսի ծանրության համար է նախատեսված: Կարևոր է իմանալ, որ պատվանդանի դեֆորմացիայի կամ քանդվելու պատճառով ակվարիումին հասած վնասը չի հատուցվում ակվարիում պատրաստողի կամ արտադրողի կողմից, քանի որ երաշխիքից դուրս է: Ուստի անհրաժեշտ է պատվանդանի ընտրությանը լրջորեն վերաբերվել:
- Երկրորդ՝ խոնավակայունությունը: Ակվարիումը սպասարկելիս անպայման պատվանդանի վրա որոշ քանակությամբ ջուր է թափվում, և պատվանդանը պետք է կայուն լինի այդ գործոնի հանդեպ:
- Երրորդ՝ պատվանդանի ու ակվարիումի կափարիչի ոճական համապատասխանությունը: Եթե ցանկացած կահույքագործ կարող է պատրաստել պատվանդան, ապա ակվարիումի կափարիչ պատրաստելուց հաստատ կհրաժարվի: Իսկ եթե նույնիսկ չհրաժարվի էլ, դեռ պարզ չէ, թե արդյունքում ինչ կստացվի: Դրա համար էլ կա՛մ պետք է համակերպվել այն մտքին, որ կափարիչը պատվանդանին նման չէ, կա՛մ պատվիրել արդեն պատրաստ կափարիչի հարդարանք, կա՛մ էլ ակվարիումն ու պատվանդանը պատվիրել այնտեղ, որտեղ կա նաև կահույքի արտադրություն:
Ընտրում ենք ակվարիումի կափարիչը
Ակվարիումի այս մասը համադրում է ծածկող ապակին, լուսատուն, դեկորատիվ շրջանակն ու վերին պանելը: Ակվարիումի կափարիչը բավականին բարդ սարքավորում է, որը պարունակում է նաև էլեկտրական սարքեր և/կամ դրանց միացման վարդակները: Զարմանալի չէ, որ փոքրիկ ակվարիումի կափարիչը կարող է ավելի թանկ լինել, քան ապակե մասը:
Անորակ կափարիչը կարող է դառնալ տարբեր տհաճությունների պատճառ՝ սկսած գեղագիտական աններդաշնակությունից մինչև էլեկտրական վնասվածքներ և հրդեհ:
Եթե Ձեզ հարմար է գործարանային ակվարիումի կափարիչի տեսքը, ուրեմն ամեն ինչ լավ է: Իսկ եթե ոչ, ստիպված եք լինելու այն պատվիրել: