Ինչպիսի՞ լոգարան ընտրել
Ոտիկներով դասական լոգարան
Նախքան լոգարան գնելը պետք է որոշել, թե որ նյութն է համապատասխանում Ձեր սանհանգույցին: Սանտեխնիկական խանութ-սրահներում ներկայացված են տարբեր նյութերից պատրաստված տարբեր ձևեր ու չափեր, տարբեր գին ունեցող լոգարաններ: Իսկ որո՞նք են չուգունե, պողպատե, հախճապակե, ակրիլե կամ մարմարե լոգարանների առանձնահատկությունները: Անսխալ ընտրություն կատարելու համար պետք է իմանալ դրանց առավելություններն ու թերությունները:
Չուգունե լոգարան
Չուգունե լոգարանները լավ հայտնի են խորհրդային ժամանակներից: Սրանք ամուր են ու երկարակյաց: Նույնիսկ դրանց հիմնական թերությունը՝ ծանր քաշը, վերածվում է առավելության. չուգունը կայուն է կոռոզիայի նկատմամբ, լավ պահպանում է ջերմությունը, և կարևորը՝ երբեք չի շրջվի:
Ներսի կողմի արծնածածկն առավել փայլուն է, քան ակրիլե լոգարանինը, սակայն խնամք է պահանջում, քանի որ վնասվելուց հետո վերականգնելը բավականին դժվար կլինի: Հարվածներից խուսափելու և ավելորդ լվացող միջոցներ չօգտագործելու դեպքում սպիտակ ծածկույթը երկար տարիներ կպահպանվի:
Եվս մեկ անվիճելի առավելություն է բարձր ջերմունակությունը, քանի որ երկար ժամանակ տաքանալուց հետո այն պահում է այդ ջերմաստիճանը: Եթե սիրում եք քնելուց առաջ թուլանալ ու խորասուզվել տաք ջրի մեջ, այս լոգարանը ձեզ համար է:
Լոգարան-ջակուզի
Լոգարան-ջակուզիները հայտնագործել են Ջակուզի եղբայրները՝ դեռևս նախորդ դարի 60-ականներին: Նրանք լոգարանի ծայրին ամրացրել էին հատուկ մեխանիզմ, որը ջրի մեջ ստեղծում էր մրրկային հորձանքներ:
Ջակուզին նախատեսված է հիդրոմերսման համար: Շիթերով ակտիվ մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, տոնուս է հաղորդում մաշկին ու մկաններին, օգնում է նիհարել, լավացնում է նյութափոխանակությունը: Հիդրոմերսումը նաև լավ հակադեպրեսանտ է: Որոշ մոդելներում ջրի բարակ շիթերի օգնությամբ ստեղծվում է կետային մերսման էֆեկտ:
Լոգարան-ջակուզիները պատրաստվում են հոսանք չհաղորդող հատուկ պլաստիկից, ունեն հիդրոմերսիչ պոմպ, հատակին՝ ցուցիչներ, որոնք կարգավորում են ջրի մակարդակն ու պոմպի միացման ժամանակը: Լոգարանի հատակը ռելիեֆային է, ինչը խոչընդոտում է սահելուն: Զգայուն մաշկ ունեցողների համար հնարավոր է նաև հատակին պլաստիկե փոքր գորգ ամրացնել: Հիդրոտեխնիկական այս սարքերը կարող են ծառայել ավելի քան 20 տարի:

Ակրիլե լոգարան
Ակրիլը ճկուն պլաստիկ է, և նրանից պատրաստված լոգարանները թեթև են, ինչի շնորհիվ հաճախ են ընտրության արժանանում: Ակրիլե լոգարանների ակնհայտ առավելությունն այն է, որ նրանից կարելի պատրաստել բարդ շինվածքներ: Ակրիլե լոգարանները կարող են լինել բազմագույն. Արտադրանքը ներկվում է դեռ պատրաստման փուլում, ինչի շնորհիվ լոգարանը շահագործման ողջ ընթացքում պահպանում է գույնի թարմությունը:
Ակրիլը հեշտությամբ է քերծվում, բայց մանր վնասվածքները հեշտությամբ հարթվում են զմռնիտե թղթով: Շահագործման ևս մեկ առավելություն է հիգիենիկությունն ու հեշտ խնամքը:

Պողպատյա լոգարան
Պողպատյա լոգարանները թեթև են ու համեմատաբար էժան: Լինում են տարբեր ձևերի և ավելի ամուր են, քան ակրիլե լոգարանները: Բավարար հաստության դեպքում (3 մմ ոչ պակաս) արծնածածկը չի զիջում չուգունի արծնածածկին:
Անառարկելի թերություն է աղմկոտությունը:

Կերամիկայից լոգարան
Սանտեխնիկական արտադրանքի այս տեսակը միավորում է ակրիլե և չուգունե լոգարանների բոլոր առավելությունները: Ջրի շիթերը թափվում են անաղմուկ, ջերմությունը լավ պահպանվում է, լոգարանը չի քերծվում ու կոռոզիայի չի ենթարկվում: Շահագործման ժամկետը գրեթե անսահմանափակ է: Միակ թերությունը բարձ գինն է: Կերամիկական արտադրանքը սովորաբար ծանր է ու փխրուն, և տեղափոխման, տեղադրման ու շահագործման ժամանակ հատուկ զգուշություն է հարկավոր:
Արհեստական մարմարե լոգարան
Արհեստական մարմարից պատրաստված լոգարաններն ավելի ու ավելի նորաձև են դառնում, թեև այս նյութը մարմար անվանելը այնքան էլ ճիշտ չէ: Իրականում սա պոլիմերային բետոն է՝ պոլիեթերային ծածկույթով:
Արհեստական մարմարե լոգարանները զգայուն են թթուների, լուծիչների, ներկերի ու այլ ագրեսիվ նյութերի նկատմամբ: Առավել լավ դրսևորում ունեն ակրիլե քարի հետևյալ տեսակները՝ կվարիլ, կվարիկաստ և այլն: Արհեստական մարմարե լոգարանները առանձնակի շքեղություն են հաղորդում ինտերիերին: