Ընտրում ենք լվացքի մեքենա
Ժամանակակից լվացքի մեքենաների տեսակների բազմազանությունը, դրանց առանձնահատկությունները մեզ դժվար ընտրության առջև են կանգնեցնում։ Ինչպե՞ս ընտրել լվացքի մեքենա, ի՞նչ պետք է հաշվի առնել ընտրելիս, որպեսզի լինի հուսալի։ Ահա այս մասին էլ կխոսենք մեր հոդվածում։
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մեքենայի տեսակին ու չափերին։ Նախքան ընտրելը մտածեք, թե որտեղ պետք է տեղադրվի լվացքի մեքենան ու ըստ դրա կողմնորոշվեք։
Լվացքի մեքենաները լինում են երկու տեսակի՝
Դիմային ներբեռնում (դռնակը գտնվում է առջևի մասում)
Վերին ներբեռնում (դռնակը գտնվում է վերևի մասում)
Ներբեռնման ծավալը
Ընտրություն կատարելու ամենակարևոր նախապայմաններից է ներբեռնման ծավալը։ Այն անմիջականորեն կապված է տեխնիկան շահագործող մարդկանց քանակով։
Ըստ հետևյալ հաշվարկի՝
1-2 հոգու համար բավական է 4 կգ ծավալով լվացքի մեքենան
3-5 հոգու համար՝ 6 կգ
5-ից ավելի մարդկանց դեպքում՝ 8-9 կգ
Միշտ չէ, որ մեծ ծավալի ընտրությունը լավագույն լուծումն է․ ինչքան տարողունակ է տեխնիկան, այնքան մեծ տեղ է գրավում ու շատ էներգիա է ծախսում։ Քանի որ քիչ քանակի հագուստի դեպքում էլ է խլում նույնքան ջուր ու էլեկտրաէներգիա, որքան 8 կգ-ի դեպքում։
Գործառույթները
Ժամանակակից մոդելներն ունեն տարբեր ռեժիմներ (ջերմաստիճանի փոփոխություն, արդուկում, քամում)։
- Հոսանքի խնայողություն
- Հատուկ ռեժիմներ
- Զգույշ լվացում
- Լուռ լվացում
- Գոլորշիով լվացում
- Չորացում
Կառավարման հնարավորությունները

Լվացքի մեքենայի կառավարումը կարող է լինել մեխանիկական և էլեկտրոնային։
Մեխանիկականի դեպքում բոլոր կարգավորումներն արվում են ձեռքով կոճակների ու պտտվող հոսանքափոխիչների միջոցով։ Սա գործում է հին կամ համեմատաբար ավելի մատչելի լվացքի մեքենաների դեպքում։ Էլեկտրոնայինի դեպքում օգտագործողն է ընտրում ռեժիմը, իսկ մեքենան ինքնուրույն ընտրում է լվացման կարգավորումները։ Սրանք բնորոշ են ժամանակակից տեսակներին։
Մեխանիկական կարգավորումով լվացքի մեքենաներն ավելի պարզ կառուցվածք ունեն ու ծառայում են ավելի երկար, քան էլեկտրոնայինները։
Լվացքի մեքենաները բաժանվում են դասերի՝ А-ից (բարձր) մինչև G (ցածր): Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ տեխնիկան բոլոր պարամետրերով համապատասխանի А դասին։
Լվացքի մեքենայի աղմուկը պայմանավորված է նրանով, թե ինչ նյութերից է կառուցված բաքը։ Այն հիմնականում կառուցվում է պլաստիկայից կամ չժանգոտվող պողպատից։ Իհարկե, պողպատն ամուր ու հուսալի տարբերակ է, բայց աղմուկն ավելի մեծ է։ Բացի սրանից, աղմուկը կարող է կախված լինել շարժիչից։ Կարող եք ընտրել այնպիսի տարբերակներ, որոնք աշխատում են լուռ լվացման ռեժիմով։ Լվացքի մեքենաների որոշ տեսակներ գործողության ընթացքում տեղաշարժվում են, ինչը պայմանավորված է դրանց չափերով՝ որքան փոքր են, այնքան շարժուն են։ Դա կարելի է կարգավորել ոտիկների միջոցով։