Ընտրում ենք վաննա

entrum-enq-vanna-1

Լոգասենյակը վերանորոգելիս, շատերը հին սանտեխնիկան նորով են փոխարինում և վաննա ընտրելու հարցում տարակուսում են: Այժմ տարատեսակ վաննաներ կան՝ տարբեր ձևի և չափի: Բայց այսօր կխոսենք, լոգարանների որակական հատկանիշների մասին: Այժմ կխոսենք դրանցից ամենատարածվածների մասին:

Չուգունե վաննաներ

Չուգունե վաննաները շատ դիմացկուն են, կայուն, հուսալի: Դրանք երկար կծառայեն: Չուգունը ուշ է տաքանում, բայց և երկար ժամանակ ջուրը չուգունե վաննայի մեջ չի սառչում: Չուգունե վաննաների էմալը դժվար է վնասվում, իսկ մաքրելիս դժվարություն չի առաջանում: Չուգունը բավական ծանր է, սովետական հին չուգունե վաննաները 150-200 կգ են, իսկ նոր արտադրվողները՝ 70-100 կգ: Չուգունե վաննաները ուղղանիկյունաձև են լինում, սովորաբար 70-80 սմ լայնությամբ և 140-170 սմ երկարությամբ: Եթե Ձեզ համար լոգարանի ձևը նշանակություն չունի, ապա առանց որևէ կասկածի, չուգունն ընտրեք:

Պողպատե վաննաներ

Պողպատե վաննաները, չուգունե վաննաների համեմատ, տարբեր ձևերի են լինում, քաշն էլ անհամեմատ թեթև է՝ մոտ 30 կգ: Պողպատե վաննաները բավական էժան են: Գլխավոր թերությւնն այն է, որ պողպատը լավ ձայնարտադրություն ունի, իսկ դա նշանակում է, որ ջուրը բացելուց, ձայնն ամբողջ բնակարանով մեկ կտարածվի (թմբուկի պես): Իհարկե, կարող եք վաննայի հատակին մոնտաժային փրփուր քսել, որպեսզի ձայնամեկուսացում լինի, սակայն այդ խնդիրը ամբողջովին լուծել չի հաջողվի: Թերությւններից է նաև ցածր դիմացկունությունն ու կայունությունը, իսկ դա նշանակում է, որ լրիվ հերմետիկ կցակարը, խնդրահարույց կլինի: Դրա համար պետք կլինեն կայուն տոտիկներ, սիլիկոնե հերմետիկ և շրիշակաձև հատուկ պլաստիկե գլխադիր: Չմոռանանք նաև այն մասին, որ պողպատը տաքությունը լավ չի պահում, հետևաբար ջուրը շուտ կսառչի:

Ակրիլային վաննաներ

Ակրիլից վաննաները լինում են էժան և թանկ: Էժան տարբերակները պատրաստված են արտամղված ակրիլից և ձևը լավ չեն պահպանում, տեղադրելուց մետաղից կամ նրբատախտակից հիմնակմախք է պետք: Իսկ թանկ տարբերակները պատրաստված են ձուլածո ակրիլից, ձևը լավ են պահպանում, այդ իսկ պատճառով կարող եք դրանք ստանդարտ ոտիկներով ամրացնել: Ձուլածո ակրիլը ուշ է վնասվում:

Ակրիլից վաննաների առավելությունները.

  • ակրիլից վաննաները պողպատից և անգամ չուգունից, տաքությունը երկար են պահում,
  • թեթև են՝ 15-30 կգ,
  • կարելի է ցանկացած ձև տալ: Ոչ սիմետրիկ ակրիլային վաննաները կարող են տարածք տնտեսել: Բայց որքան որակյալ է ակրիլը, այնքան դժվար է օրիգինալ ձև տալ,
  • վաննայի գույնը կարելի է ինտերիերին հարմարեցնել,
  • հարթ նյութ է, բայց սղլիկ չէ,
  • ակրիլը չուգունի պես՝ ջրի ձայնը կլանում է:

logaran-inqnatip

Բայց այս տարբերակն իր թերություններն ունի: Տաք ջրի հետ երկար շփումից, ժամանակի ընթացքում միկրոճաքեր են առաջանում: Ակրիլից վաննաները շուտ են քերծվում, մաքրող միջոցներով մաքրելիս մակերևույթը վնասվում է: Եթե լոգարանը շատ կեղտոտ է, ապա լավ կլինի սպիրտով մաքրել: Շատ հաճախ պատերը բարակ են լինում, ինչի հետևանքով ճկվում են, և հատակը կարող է ճաքել: Ակրիլից վաննաներ գնելիս, պետք է հիշել, որ լավ որակի լոգարանները թանկ են, բայց անհամեմատ երկար կծառայեն:

Խորհուրդ: Ակրիլային վաննաներ ընտրելիս, ուշադրություն դաձրեք, որ պատերն ու հատակը Ձեր քաշից չճկվեն: Որակյալ ակրիլը միատոն է լինում՝ առանց դեղին լաքաների և կտրուկ հոտի: Պատերի հաստությունը նվազագույնը 4 մմ պետք է լինի, իսկ հատակը հարթ և հավասար: Ջրթափման անցքը պետք է հատակի մակարդակից ցածր լինի, որպեսզի ջուր չկուտակվի:

Ամփոփելով, ուզում ենք խորհուրդ տալ, պողպատե լոգարաններ չգնել, ավելի լավ է չուգունե կամ ակրիլային վաննաներ ընտրել: Չուգունե վաննաները բարդ են տեղադրվում, բայց երկար կծառայեն, իսկ ակրիլի դեպքում՝ամեն ինչ կախված է մոդելի ընտրությունից:

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ